Իրանի իշխանությունները Թեհրանում վերջին հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ որևէ դիվանագիտական առաքելություն փակելու հրաման չեն տվել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին։
Դիվանագետը նշել է, որ «վերջերս դեսպանատների և հյուպատոսությունների կողմից բախված որոշ խնդիրներ առաջացել են ինտերնետի ժամանակավոր խափանումների և երկրի ներսում ստեղծված բացառիկ հանգամանքների պատճառով»։
Բաղաին բացատրել է, որ, իր կարծիքով, «լարված իրավիճակը մտահոգություն է առաջացրել որոշ դիվանագիտական առաքելությունների մոտ, որոնք որոշել են իրենց անձնակազմի մի մասին ժամանակավորապես տեղափոխել Իրանից դուրս»։
Նման որոշումները, հավելել է արտգործնախարարության ներկայացուցիչը, «չեն ենթադրում որևէ սահմանափակումներ հանրապետությունում հետագա դիվանագիտական գործունեության համար»։
Իրանում ցույցերն սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի պատճառով, ընդգրկել երկրի տարբեր բնակավայրեր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների արտադրանքի նկատմամբ 25% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին։ Նա նաև հավանական էր համարել հետագա ռազմական քայլերը՝ ի պատասխան Թեհրանի գործողությունների։ Հունվարի 18-ի դրությամբ, բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 5000 մարդ, այդ թվում՝ շուրջ 500 անվտանգության ծառայող։
