Իրանում բողոքի ակցիաների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 5000-ի․ ԶԼՄ

Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 5000 մարդ, այդ թվում՝ շուրջ 500 անվտանգության ծառայող, գրել է Reuters-ը՝ հղում անելով Իրանի պաշտոնական շրջանակների իր աղբյուրին։

Պաշտոնյան նշել է, որ որ ամենածանր բախումներն ու զոհերի ամենաբարձր թիվը գրանցվել են Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող քրդաբնակ շրջաններում, որտեղ ակտիվ են քրդական անջատողական խմբերը։

«Վերջնական զոհերի թիվը էականորեն չի ավելանա»,- ընդգծել է պաշտոնյան՝ հավելելով, որ «Իսրայելը և արտերկրում գործող զինված խմբերը» աջակցել և զինել են փողոց դուրս եկածներին։

Ըստ Reuters՝ ԱՄՆ-ում տեղակայված մարդու իրավունքների պաշտպանության HRANA կազմակերպություն հունվարի 17-ին հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 3308-ի, ևս 4 382 դեպք գտնվում է ստուգման փուլում։ Կազմակերպության տվյալներով՝ հաստատվել է նաև ավելի քան 24 հազար ձերբակալություն։

Իրանում ցույցերն սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի պատճառով, ընդգրկել երկրի տարբեր բնակավայրեր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների արտադրանքի նկատմամբ 25% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին։ Նա նաև հավանական էր համարել հետագա ռազմական քայլերը՝ ի պատասխան Թեհրանի գործողությունների։

Leave a Comment