Նարեկ Սամսոնյանի համար շտապօգնություն են կանչել․ փաստաբան – Armenia Today

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգել է «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ և հաղորդավար, հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի վատթարացման մասին։

«Հենց նոր բանտից զանգեց Նարեկը։ Ասաց՝ բուժզննությամբ պարզվել է, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապ օգնություն են կանչել։ Մեկնում եմ «Արմավիրի» բանտ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու»,- հայտնել է Մելիքյանը։

Մելիքյանի խոսքով՝ նրա մոտ ախտորոշվել է առողջական լուրջ խնդիր։ Նա նշել է, որ այսօր Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է՝ շեշտելով, որ լրացուցիչ տեղեկությունների մասին կգրի ավելի ուշ։

AntiFake-ի հիմնադիրներ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին երկու ամսով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։ Դատարանը հունվարի 9-ին բավարարել էր նրանց կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը: Սամսոնյանն այդ նիստին էր հայտնել հացադուլ սկսելու մասին:

Սա Սաղաթելյանի և Սամսոնյանի երկրորդ կալանքն է։ Նրանք 2024-ի գարնանն արդեն երկու ամիս անցկացրել էին անազատության մեջ (մարտի 22-ից մինչև մայիսի 21-ը)։ Այն ժամանակ դատարանը նրանց ազատ էր արձակել գրավի և վարչական հսկողության կիրառմամբ։

Leave a Comment