Մահացել է հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի Զառա Արամյանը։
Նախօրեին Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Զառա Ֆելիքսի Արամյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 1-ին Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում՝ ստանալով լրագրողի և ռուսաց լեզվի մանկավարժի որակավորում։ Ուսանողական տարիներին խմբագրել է «Պետական համալսարան» թերթը։ 1993–2002 թթ. աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում՝ «Հայաստանի ձայն» խմբագրությունում, որտեղ ղեկավարել է ռուսալեզու բաժինը և զբաղեցրել գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը։ Հեղինակել և վարել է «Հյուր Զառայի մոտ», ապա «Համով զրույց» հաղորդումները։ 2003–2018 թթ. աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում։
Նկարահանվել է բազմաթիվ հեռուստանախագծերում և ֆիլմերում, այդ թվում՝ «Մեր բակը», «Մեր բակը 2», «Կատաղածները», «Բարի լույս»։ 1995 թվականից մասնակցել է ավելի քան 300 հեռուստանախագծերի։ 2014 թվականին ՀՀ նախագահի կողմից արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման։