Փնտրեք նրան բոլոր նրանց մեջ, ում կյանքին նա երբևէ դիպել է. Արտավազդ Սահակյանի որդու ուղերձը

Մարդը ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ իր արածը շարունակում է ապրել ուրիշների մեջ։ Քանի դեռ փոխանցված արժեքները գործում են, սովորեցրածը՝ կիրառվում, իսկ տվածը՝ վերադարձվում կյանքին։

Ինձ համար սա ունի շատ հստակ իմաստ․ ամեն անգամ, երբ մի ձեռք փրկվում է, երբ մի վերջույթ պահպանվում է, երբ հիվանդի կյանքը բարելավվում է պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության շնորհիվ, իմ հոր հիշատակը կենդանի է մնում։

Շատերը գուցե չգիտեն, որ նա իր կյանքի ընթացքում հիմնել է «Արտավազդ Սահակյան» հիմնադրամը։

Հիմնադրամի նպատակն է նպաստել պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության, ինչպես նաև հարակից ոլորտների գիտական ու կրթական զարգացմանը՝ կազմակերպելով գիտաժողովներ, աջակցելով փորձի փոխանակման միջոցառումներին, շարունակական բժշկական կրթությանը և մասնագիտական համագործակցության հարթակների ստեղծմանը։

Այս ոլորտների կայացումը Հայաստանում նրա կյանքի կարևորագույն գործերից մեկն էր։ Լուռ, հետևողական և մեծ նվիրումով նա կանգնած էր այն ճանապարհի սկզբում, որը այսօր շարունակում են նրա ուսանողները և գործընկերները։
Իվերուստ կոչումով բժիշկ լինելը նրա համար նշանակում էր գիտելիքով, պատասխանատվությամբ և մարդկայնությամբ փրկել կյանքեր ու ճակատագրեր՝ ամեն օր կանգնելով մարդու կողքին կյանքի ամենաբարդ պահերին։

Ինձ համար նա միայն հայր, բժիշկ կամ ուսուցիչ չէր։ Նա մարդ էր, ով ամեն օր ընտրում էր տալը՝ առանց հաշվարկի։ Տալ ժամանակ, ուժ, հոգատարություն, հավատ։ Նրա բարությունը երբեք բարձրաձայն չէր, բայց միշտ ներկայ էր։ Նա օգնում էր լուռ, ապրում էր պարզ, իսկ մեծությունը թողնում էր իր գործերում։ Եվ այսօր, երբ նրան ֆիզիկապես չենք տեսնում, ես ավելի հստակ եմ զգում՝ որքան խորն է նա մեր մեջ, որքան կենդանի է այն ամենը, ինչ մեզ է փոխանցել։

Արտավազդ Սահակյանին կորցրեց ոչ միայն նրա ընտանիքը։

Նրան կորցրեց ամբողջ Հայաստանը։

Սա այն տեսակ կորուստն է, որը չափվում է ոչ թե բառերով, այլ լռությամբ՝ բժշկական դահլիճներում, վիրահատարաններում, ընկերների և ուսանողների հիշողություններում, փրկված կյանքերում։

Այն ծանր է ոչ միայն մեզ համար, ովքեր նրան ճանաչել են, այլ նաև անգամ նրանց համար, ովքեր անձամբ չեն ճանաչել նրան։

Բոլորս գիտենք նրա անմնացորդ նվիրումը հայրենիքին։ Դա խոսքերի կարիք չունի։ Այն արտահայտվում էր ոչ միայն իր աշխատանքի մեջ, այլ նաև իր անսահման բարության, մարդասիրության և մարդկանց հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ։

Եվ եթե երբևէ փնտրեք նրան՝ փնտրեք մեր մեջ։

Փնտրեք նրա ընտանիքի մեջ, ովքեր կրում են նրա արժեքները։

Փնտրեք նրա ուսանողների մեջ, ովքեր աշխատում են նրա սովորեցրած սկզբունքներով։

Փնտրեք նրա դաստիարակած բժիշկների ձեռքերով արված գործերի մեջ։

Փնտրեք բոլոր նրանց մեջ, ում կյանքին նա երբևէ դիպել է։

Նա մեզ հետ է մեր գործերով, մեր վերաբերմունքով, մեր ընտրություններով։
Նա չկա միայն ֆիզիկապես։

Եվ գուցե հենց սա է կյանքի իրական շարունակությունը՝ երբ մարդը հեռանում է լուռ, բայց մնում է երկար՝ մարդկանց մեջ, գործերի մեջ, և այն լույսի մեջ, որը փոխանցել է ուրիշներին։

Թող նրա հոգին հանգչի լույսի մեջ, իսկ նրա թողած ժառանգությունը ապրի մեր ձեռքերով, սրտերով և գործերով»։

–00—ՍՊ

Leave a Comment