
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում բացվել է նոր ցուցահանդես՝ «Երկիր կառուցած մարդը…» խորագրով:

Ցուցահանդեսը նվիրված է 20-րդ դարի նշանավոր հայ ճարտարապետ Սոս Մանուկյանի ծննդյան 115-ամյակին:

Այն ներկայացնում է հեղինակի մասնագիտական ուղին՝ սկսած վաղ ուսանողական տարիների աշխատանքներից մինչև խոշոր քաղաքաշինական նախագծեր:

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Սոս Մանուկյանը նախագծել է գյուղերի և քաղաքների գլխավոր հատակագծեր, թաղամասեր, արտադրական համալիրներ, բնակելի տներ, հուշարձաններ և այլն:


Նրա նախագծերին բնորոշ են միջնադարյան հայկական և ժամանակակից ճարտարապետության ներդաշնակ համադրությունները:

Նրա աշխատանքներն են Քանաքեռի ալյումինի գործարանի մշակույթի պալատը և հարևանությամբ գտնվող բնակելի տունը, Արշակունյաց պողոտայի վրա գտնվող ծխախոտի, մակարոնի և քաղցրավենիքների գործարանների բնակելի տները, Իսահակյան փողոցում գտնվող կույրերի միավորման և բնակելի շենքերը, Վաղարշապատի մշակույթի պալատը, Թումանյան քաղաքի կառուցապատումը և այլ ուշագրավ կառույցներ:

Իր բեղմնավոր ստեղծագործական կյանքի ընթացքում Սոս Մանուկյանը ստեղծել է մոտ 150 մեծ ու փոքր նախագծեր, որոնց ճնշող մեծամասնությունն իրականացվել է: Նրա բոլոր շենքերը աչքի են ընկնում իրենց գեղարվեստական բարձր հատկանիշներով, մանրամասների նուրբ նկարվածքով և գեղարվեստական խնդիրների ինքնուրույն մեկնաբանությամբ:


Ցուցահանդեսում ներկայացված են Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի պահոցում պահպանվող բնօրինակ նախագծեր, էսքիզներ, գծագրեր, արխիվային փաստաթղթեր, ինչպես նաև անձնական լուսանկարների և նամակների արժեքավոր հավաքածուն, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվում պահպանվող՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտում Սոս Մանուկյանի աշխատանքային գործունեության տարիներին իրականացված կառույցների բացառիկ նախագծերը:


Ցուցահանդեսում տեղ են գտել ճարտարապետի ընտանիքի կողմից տրամադրված անձնական իրերը՝ պարգևները, մեդալներն ու անձնական լուսանկարները:
