Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը պարզաբանել է Շեֆիլդում կայացած Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկների չմասնակցելու հանգամանքները։
Դեսպանի խոսքով՝ ինքը խնդրի մասին տեղեկացել է սոցիալական ցանցերից՝ այն բանից հետո, երբ մարզիկներն արդեն ստիպված էին չեղարկել ուղևորությունը։
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի և Միացյալ Թագավորության վիզաների և ներգաղթի ծառայության (UKVI) հետ կապ հաստատելուց հետո պարզվել է, որ վիզաները տրամադրվել են, սակայն սահմանված ժամկետներից ուշ։
Դեսպանն ընդգծել է, որ Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը չի իրականացնում վիզաների տրամադրման գործառույթ և որոշումներ չի կայացնում, սակայն պատրաստ է աջակցել ընթացակարգային հարցերում։
Քոուլը հիշեցրել է, որ վիզայի տրամադրման ստանդարտ ժամկետն առնվազն 15 աշխատանքային օր է, և հորդորել է դիմումները ներկայացնել հնարավորինս շուտ։
Նա նաև նշել է, որ Երևան-Լոնդոն ուղիղ թռիչքների մեկնարկով պայմանավորվաշ ակնկալվում է զբոսաշրջային հոսքի աճ։
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան հունվարի 14-ին հայտնել էր, որ վիզաների ուշացման պատճառով հավաքականի անդամներ Սեմյոն Դանիլյանցը և Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը զրկվել է Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։
