2025 թվականի դեկտեմբերի 24-ին և 25-ին Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին, հայտնել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ըստ նրա՝ յոթ ամիս տևած դադարից հետո Կարմիր խաչի ներկայացուցիչները Ժնևյան գրասենյակի անունից մեկանգամյա այցելություն են իրականացրել։
«Չենք բացառում, որ նոր համաձայնությունների ձեռքբերման պայմաններում այցելությունները կրկնվող լինեն, ինչ հաճախականությամբ՝ չենք կարող կանխատեսել, բայց դրա հնարավորությունը չենք բացառում, բոլոր դեպքերում՝ Կարմիր խաչի այցելությունը դրական հոգեբանական ազդեցություն է թողել թե՛ այնտեղ գտնվողների և թե՛ նրանց ընտանիքի անդամների շրջանակում։ Այդ այցելության ընթացքում նաև նամակներ են վերցվել, տեսագրություններ են, որոնք այս ամսվա ընթացքում փոխանցվել են նրանց ընտանիքի անդամներին»,- նշել է նա։
Սահակյանն ընդգծել է, որ տարբերակված մոտեցում են դիտարկել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պարագայում, նրա մեկուսացումն արտաքին աշխարհից մեծացել է։ Նա, ի տարբերություն մյուս գերիների, շաբաթական մեկ զանգի հնարավորությունից զրկված է։
«Վարդանյանի պարագայում մեկշաբաթյա պարբերականությունը պահպանված չէ, և ինչ-ինչ պատճառներով նա մեկուսացվում է, նրա դատապարտման գործընթացը ձգձգվում է, և նա զրկվում է վերջին խոսքն արտահայտելու հնարավորությունից»,- ընդգծել է նա։
Սահակյանի խոսքով՝ Վարդանյանին մյուս բանտարկյալների թվում, արգելվել է Աստվածաշունչ կարդալ, ինչն ըստ իրավապաշտպանի՝ նշանակում է, որ ռազմագերիների խնդիրն, անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանություններից, ունի նաև կրոնական ասպեկտ։
«Եթե գրքերի հասանելիություն տրվում է, և անձն ազատ ժամանակ ընթերցելու հնարավորություն ունի, ինչո՞ւ իր ցանկությամբ դա չի կարող լինել հենց Աստվածաշունչը։ Թե՛ Վարդանյանին է սա արգելվել, և թե՛ այլ բանտարկյալներին, նաև հրապարակային զեկույցներից, կարծում եմ, տեղեկացված եք, որ կրոնական սիմվոլները հավաքվել են, արգելվել են դրանք թողնել բանտարկյալների մոտ, անգամ դաջվածքներն այրել են և, մեր գնահատմամբ, քրիստոնյա լինելը ևս գործոն է, որ ինչ-որ չափով կարող է դժվարացնել այս խնդրի լուծումը»,- շեշտել է Սահակյանը։
Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել չորս գերու՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ նրանց վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:
Ադրբեջանում մինչ այս պահվում էր 23 հայ գերի, 4 գերիների վերադարձից հետո այժմ նրանց թիվը 19 է։ Գերիների թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։ Ադրբեջանը բացառել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը Հայաստան։
