Նոր համայնքային փնջեր են ձևավորվելու․ ՏԿԵՆ-ը նախագիծ է ներկայացրել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ նոր համայնքային փնջեր են ձևավորվելու։

Ըստ այդմ՝

Նոր համայնքային փնջեր են ձևավորվելու․ ՀՀ Լոռու մարզում, որում ներառվել են ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 20 բնակավայրերով.

ՀՀ Սյունիքի մարզում, որում ներառվել են ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 28 բնակավայրերով.

ՀՀ Վայոց ձորի մարզում, որում ներառվել են ներկայիս Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 32 բնակավայրերով։

Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 3 համայնք:

Նշվում է, որ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման  77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 64 համայնք:

«Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում համայնքների միավորումն իրականացվել է հիմնականում երկու մոդելով՝ «փնջային» և «շրջանային»: 2018, 2019, 2021 թվականներին համայնքների միավորման թեմայով անցկացված հանրային քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: 2021 թվականին իրականացված համայնքների միավորման ծրագրերի գերիշխող մասն իրականացվել է այդ տրամաբանությամբ:

Ինչպես ցույց է տվել անցած տարիների փորձը՝ «շրջանային» մոդելով համայնքների միավորումն ունեցել է առավելություններ «փնջային» մոդելի համեմատությամբ»,- նշվում է հիմնավորման մեջ:

Եվգենյա Համբարձումյան

Leave a Comment