Պատանի քվանտականները, առաջնորդվելով տարիներ առաջ դրված գեղեցիկ ավանդույթով, այս տարին էլ են հաղթական սկսում` իրենց օլիմպիական զինանոցը հարստացնելով նոր մեդալներով. հայտնում են «Քվանտ» վարժարանից։
Ս.թ. հունվարի 10-15-ն Ալմաթիում կայացավ Ժաուտիկովյան օլիմպիադան, որին մասնակցում էին 16 երկրների շուրջ 60 թիմեր և անկախ մասնակիցներ` մոտ 700 աշակերտ։
Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից։
Հայաստանից օլիմպիադային մասնակցել են նաև «Քվանտ» վարժարանի աշակերտները։ Ոսկե հաղթանակն ապահովել են ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 12֊րդ դասարանի սովորող Ալեքս Գրիգորյանը` «Ինֆորմատիկա» առարկայից, և վարժարանի 10֊րդ դասարանի սովորող Հայկ Մանուկյանը` «Մաթեմատիկա» առարկայից։ 10-րդ դասարանի սովորող Հրանտ Հախեյանը մաթեմատիկայից նվաճել է արծաթե մեդալ։
ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 11֊րդ դասարանի սովորող Էդգար Միքայելյանը մաթեմատիկայից և վարժարանի 12֊րդ դասարանի սովորող Սամվել Հարությունյանը ֆիզիկայից արժանացել են բրոնզե մեդալների։