Փաստաբան․ Իշխանության նպատակն է՝ Հայոց եկեղեցին վերածել իշխանության շահերը սպասարկող քաղաքացիական կցակառույցի

Փաստաբան․ Իշխանության նպատակն է՝ Հայոց եկեղեցին վերածել իշխանության շահերը սպասարկող քաղաքացիական կցակառույցի

17 հունվարի 2026 – 11:34 AMT

PanARMENIAN.Net – Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, անդրադառնալով Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով դատական վեճնին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միայն կաթողիկոսի տնօրինությունը «ապօրինի դատական վեճի առարկա դարձնելը բավարար է ՀՀ աթեիստ իշխանության՝ Հայոց եկեղեցու դեմ ուղղված գործողությունների բնույթը պատկերացնելու համար»:

Նա գրել է նաև, որ «օրվա իշխանության նպատակը հենց դա է՝ Հայոց եկեղեցին վերածել իշխանության շահերը սպասարկող մի քաղաքացիական կցակառույցի, իսկ անունն էլ դնել եկեղեցու «բարենորոգում»:

«Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, հայցվոր Արման Սարոյանին վերականգնել է ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Այո, սխալ չեք կարդում. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ՝ ՊԱՇՏՈՆՈՒՄ։ Օրվա իշխանության նպատակը հենց դա է՝ Հայոց եկեղեցին վերածել իշխանության շահերը սպասարկող մի քաղաքացիական կցակառույցի, իսկ անունն էլ դնել եկեղեցու «բարենորոգում»։

Միայն Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությունը ապօրինի դատական վեճի առարկա դարձնելը բավարար է ՀՀ աթեիստ իշխանության՝ Հայոց եկեղեցու դեմ ուղղված գործողությունների բնույթը պատկերացնելու համար, դրանում հոգևոր ոչինչ չկա։ Հաջորդը հավանաբար կարգալույծ հռչակված քահանաներին սեփական հայցերի հիման վրա դատական կարգով կրկին «ձեռնադրելն» է»,-գրել է նա:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը: Եպիսկոպոսը հայտնել է, որ դատարանը բավարարել է իր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց:

Leave a Comment