17 հունվարի 2026 – 10:38 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը անդրադարձել է ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդների՝ վիզայի հետ կապված դժվարությունների հետևանքով Եվրոպայի առաջնությանը չմասնակցելու խնդրին։ Նա նշել է, որ վիզաները գեղասահորդներին արդեն տրամադրվել են, սակայն, հասկանում է, որ սա փոքր մխիթարանք է: Հայտարարությունը հրապարակվել է ՀՀ-ում ՄԹ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Նա հորդորել է բոլոր ճամփորդողներին ՄԹ վիզաների համար համար դիմել հնարավորին շուտ։
«Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Շեֆիլդում անցկացվող Եվրոպայի առաջնությանը։ Պատկերացնում եմ՝ որքան հիասթափեցնող էր դա մարզիկների համար։ Այս իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացա սոցիալական մեդիայից՝ բացառապես նրանից հետո, երբ մարզիկներն արդեն ստիպված էին եղել չեղարկել իրենց ճամփորդությունը։
Դրանից հետո մենք անմիջական կապի մեջ ենք եղել Գեղասահքի ֆեդերացիայի և Միացյալ Թագավորության վիզաների և ներգաղթի ծառայության (UKVI) հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել։ UKVI-ից ինձ ասացին, որ վիզաներն արդեն տրամադրվել են, սակայն հասկանում եմ, որ սա փոքր մխիթարանք է՝ հաշվի առնելով բաց թողնված առաջնությունը։
Թեև Բրիտանական դեսպանատունը Երևանում որևէ կերպ չի առնչվում կամ զբաղվում վիզաների դիմումների հարցերով և չի կայացնում դրանց վերաբերյալ որևէ որոշում, նման հատուկ դեպքերում մենք պատրաստ ենք հնարավորության սահմաններում աջակցել՝ տրամադրելով գործընթացի վերաբերյալ ուղղորդումներ»,- նշել է դեսպանը:
Նրա խոսքով՝ ստանդարտ ընթացակարգը տևում է առնվազն 15 աշխատանքային օր, սակայն բարձր ծանրաբեռնվածության ժամանակաշրջաններում կամ տոնական օրերին այն կարող է ավելի երկարատև լինել։
«Ժամանակի սղություն ունեցող ուղևորությունների համար՝ օրինակ մրցաշարերի կամ միջոցառումների, խնդրում եմ նախապես բավարար ժամանակ նախատեսել դիմելիս։ Շուտով սպասվող Երևան–Լոնդոն նոր ուղիղ չվերթների մեկնարկով ակնկալում եմ, որ Հայաստանից ավելի շատ մարդիկ կայցելեն Միացյալ Թագավորություն՝ զբոսաշրջության, ընտանիքի այցելությունների կամ գործնական նպատակներով։ ՄԹ-ն վիզաների տրամադրման բարձր ցուցանիշ ունի և ջերմորեն ողջունում է հայ այցելուներին»,- հավելել է Քոուլը։
Ավելի վաղ Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիան հայտնել էր, որ ազգային թիմի գեղասահորդները չեն կարողանա մասնակցել Մեծ Բրիտանիայում Եվրոպայի առաջնությանը՝ մուտքի վիզան ժամանակին չստանալու պատճառով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան չի դիմել աջակցություն ստանալու համար: