Տիեզերքի արձագանքը պետք է լինի թիրախային․ Տաթևիկ Կարապետյանն արձագանքել է հոր կալանավորմանը

Սամվել Կարապետյանի դուստր, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանն արձագանքել է գործարարին կալանավորելու վերաբերյալ դատարանի այսօրվա որոշմանը։

«Ես ցանկանում եմ, որ այս կեղծ, անհիմն և միտումնավոր շինծու գործին ներգրավված բոլոր անձինք ապրեն նույն ցավը, նույն ավերածությունը և նույն հետևանքը, ինչ նրանք այսօր այդքան հեշտությամբ պատճառում են ուրիշներին։ Ոչ վերացականորեն։ Ոչ թե երբևէ։ Թող նրանց յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր ստորագրված բառ, ճշմարտության յուրաքանչյուր միտումնավոր աղավաղում իրականություն դառնա իրենց սեփական տներում», – գրել է նա սոցիալական ցանցերում։

Կարապետյանը կոչ է արել, որ գործին ներգրավված բոլոր անձանց, ինչպես նաև նրանց հարազատները չունենան հնարավորություն ասելու՝ «Մենք չգիտեինք»։ «Նրանք գիտեին։ Այս վախկոտ արարածներից յուրաքանչյուրը գիտեր։ Տիեզերքի արձագանքը պետք է լինի թիրախային և անողոքաբար ազնիվ», – գրել է Սամվել Կարապետյանի դուստրը։

Հակակառուպցիոն դատարանը հունվարի 16-ին սկսել էր քննել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու որոշումը, ինչին նախորդել էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ կապված գործարարի տնային կալանքի հարցով վարույթ հարուցելու հետ։ Փաստաբանները հունվարի 13-ին հայտնել էին, որ Կարապետյանի մոտ քովիդ է հաստատվել, որը ծանր ու դինամիկ ընթացք ունի։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել էին, որ Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է կալանքի։

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:

Leave a Comment