Կին ոստիկանն արդեն իսկ հերոս է՝ կրելով զենք և տղամարդկանց հետ ծառայում հավասարը հավասարի նման․ Արմինե Վարդանյան

Iravaban.net-ը շարունակում է «Ոստիկան հայուհիներ» նախագիծը, որի շրջանակներում զրուցել ենք ՀՀ ՆԳ նախարարության չորս հենասյուներից մեկի՝ ոստիկանության պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի 2-րդ վաշտի պարեկ ոստիկանության լեյտենանտ Արմինե Վարդանյանի հետ։

Պարեկային ծառայության մասին Արմինեն տեղեկացել է գովազդներից և միանգամից որոշում է կայացրել՝ առանց երկար մտածելու․ «Ցանկությունս մեծ էր ընդունվելու, բարեփոխումների մի մասը դառնալու, ինչպես նաև իմ փոքրիկ ներդրումն ունենալու այս պատվաբեր գործում։ Ի վերջո ցանկությունս իրականացավ․ ընդունվեցի, հերթականությամբ հաղթահարեցի ընդունելության բոլոր փուլերը, այնուհետև հանձնեցի ավարտական քննությունները և նշանակվեցի համապատասխան պաշտոնում»,- նշել է լեյտենանտը։

Լեյտենանտի խոսքով՝ իր անցած ճանապարհը հեշտ չի եղել․ «Իմ անցած ուղին շատ բարդ ու դժվարություններով լի է եղել։ Եղել են խոչընդոտներ, փորձություններ, սակայն կարծում եմ՝ հենց այդպես էլ պետք է լիներ, քանի որ խնդիրները հաղթահարելով է մարդ փորձառություն ձեռք բերում, կոփվում և մասնագիտանում իր ընտրած ոլորտում»,- ասել է նա։

Արմինեն ընդգծում է կանանց ներգրավվածության կարևորությունը ոստիկանության համակարգում։ Նրա խոսքով՝ կանայք իրենց առջև դրված գործառույթային պարտականությունները իրականացնում են պատշաճ կերպով, ավելի քիչ կոնֆլիկտային են, ուժն ավելի հազվադեպ են կիրառում և կարողանում են օգտվել ամենահզոր միջոցից՝ բառի ուժից։
«Կինը իրավիճակներին ավելի մտածված է մոտենում։ Իմ կարծիքով՝ կին ոստիկանը արդեն իսկ հերոս է, քանի որ տանը թողնում է իր երեխաներին՝ անկախ նրանից մեկ են, թե երկու, կրում է համազգեստ, զենքով դուրս է գալիս ծառայության և տղամարդկանց հետ ծառայում է հավասարը հավասարի պես»,- նշել է նա։

Լեյտենանտի խոսքով՝ մինչ այս լարված կամ վտանգավոր իրավիճակներ չեն գրանցվել։
«Մոտեցումը միշտ եղել է բարեկիրթ, զսպված և համբերատար։ Նույնիսկ այն դեպքերում, երբ մարդիկ սկսել են բորբոքվել, բարձրաձայնել կամ փոխել իրենց խոսքի տոնայնությունը, միշտ փորձել ենք իրավիճակը հանդարտեցնել և երբեք թույլ չենք տվել, որ այն հասնի ուժի կիրառման կամ ձեռնաշղթաների օգտագործման»,- ասել է Արմինեն։

Զրույցի ընթացքում Արմինեն պատմել է նաև մի զավեշտալի դեպքի մասին, որը տեղի է ունեցել անցած տարի և մինչ օրս տպավորվել է իր հիշողության մեջ։
«Ծառայություն էինք իրականացնում Մալաթիա վարչական շրջանում, երեկոյան ժամերին։ Տարածքը ամայի էր, շրջագայություն էինք իրականացնում հանցագործությունների բացահայտման նպատակով։ Մի քաղաքացու նկատեցինք, մոտեցանք, ներկայացանք և հարցրեցինք՝ արդյոք իր մոտ արգելված իրեր կամ առարկաներ ունի։ Նա պատասխանեց, որ չունի և առաջարկեց զննություն իրականացնել։ Խնդրեցինք ցույց տալ տոպրակի պարունակությունը, ինչին նա սիրով համաձայնեց։ Տոպրակի մեջ հինգ հատ օգտագործված կաթուցիչ կար և այլ տարբեր պարագաներ։ Հարցրեցինք՝ ինչի համար է դրանք պահում, ինչին նա պատասխանեց, որ բժշկի խորհրդով պետք է գնա գերեզմանատուն, խարույկ վառի և այդ ամենը նետի կրակի մեջ՝ նման բաներից վերջնականապես հրաժարվելու համար։ Մենք իրականացրեցինք մեր օրինական գործողությունները, քաղաքացուն ձերբակալեցինք և տեղափոխեցինք մոտակա բաժին»։

 

Leave a Comment