Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ու ավագանու անդամներն արդարացվել են, հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Երիցյանը հիշեցրել է, որ այս վարույթով Սարգսյանը շուրջ 20 օր գտնվել է կալանքի տակ, մեկ ամիս՝ տնային կալանքի պայմաններում, ինչպես նաև մոտ 8 ամիս՝ վարչական հսկողության տակ՝ տնային կալանքին գրեթե հավասար սահմանափակումներով։
«Սա ընդամենը այն բանի համար, որ քաղաքապետն ու ավագանու անդամները համայնքի հաշվեկշռում գտնվող մի քանի ավտոմեքենա են օտարել դրանք Արցախից դուրս բերող անձանց»,- նշել է փաստաբանը։
Սարգսյանը ձերբակալվել էր 2024-ի մայիսի 25-ին, իսկ մայիսի 27-ին դատարանը 20 օրով կալանավորել էր՝ խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ Հուլիսի 19-ին դատարանը Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն էր սահմանել՝ սահմանափակելով նրա տեղաշարժման և գործողությունների ազատությունը: Դեկտեմբերի 24-ին նրա նկատմամբ «ծանրացնող հանգամանքներով խարդախության» մեղադրանքը փոխվել էր «ինքնիրավչության» մեղադրանքի։
2025-ի հունվարի 29-ին դատարանը վերացրել էր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը՝ պահպանելով նրա նկատմամբ կիրառված չբացակայելու արգելքը։ Օգոստոսի 4-ին դատարանը վերացրել էր «Ստեփանակերտի գործով» անցնող մեղադրյալների խափանման միջոց բացակայելու արգելքը։
