Խաղաղությունը կլինի հարատև, ԱՄՆ աջակցությունը կնպաստի ՀՀ տնտեսական կյանքի առաջընթացին. նախագահը՝ դեսպան Քվինին


Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

Ողջունելով դեսպանին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քվինին գործունեության և համագործակցության համար՝ ընդգծելով վերջին երեք տարիների ընթացքում իրականացված աշխատանքի նշանակությունը։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեր կատարած աշխատանքի համար: Դուք մեզ հետ եք եղել շատ դժվար ժամանակաշրջանում մեր պետության համար, կիսել եք դժվարությունները մեր հետ միասին, և այս առումով ես անկեղծ շնորհակալություն եմ հայտնում: Իհարկե, արձանագրած արդյունքները ևս շատ տեսանելի են հատկապես վերջին երկու տարիների ընթացքում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Նախագահը առանձնակի կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման վերջին փուլը՝ ընդգծելով ռազմավարական գործընկերության ձևավորումը։

«Դեռևս անցյալ տարի՝ հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը շատերի համար անհավանական էր թվում, և գործընթացները շատ ավելի արագ զարգացան, քան կարելի էր պատկերացնել, և մենք ունենք արդեն օգոստոսի 8-ի փաստաթուղթը և հիմա նաև հունվարի 13-ի փաստաթուղթը»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ արդեն տեսանելի է Միացյալ Նահանգների աջակցությամբ տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ընտրված ուղին։

66098_b.jpg (1.75 MB)

Նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ խաղաղությունը կլինի հարատև, իսկ Միացյալ Նահանգների ներկայությունն ու աջակցությունը կնպաստեն նաև Հայաստանի տնտեսական կյանքի առաջընթացին։

Իր հերթին դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ նշելով, որ նախագահի և կառավարության հետևողական աշխատանքի շնորհիվ է հնարավոր դարձել արձանագրել զգալի առաջընթաց։

«Հայաստանը, կարծում եմ, այս պահին շատ լավ հնարավորություն ունի առաջ շարժվելու բոլոր այն պայմանավորվածությունների ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել օգոստոսի 8-ին, և ամրապնդելու ու կայուն հիմքերի վրա դնելու իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցերը, և հուսանք նաև խաղաղ ապագան տարածաշրջանում»։

Ամփոփելով խոսքը՝ դեսպան Քվինը նշել է, որ իր դիվանագիտական առաքելությունն ավարտելով՝ շարունակելու է մնալ Հայաստանի բարեկամը։

66095_b.jpg (1.66 MB)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեսպան Քրիստինա Քվինին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ավարտին նախագահ Խաչատուրյանը պարգևատրել է Քրիստինա Քվինին Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

66096_b.jpg (1.36 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

208 դիտում

Leave a Comment