16 հունվարի 2026 – 18:08 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2025 թվականի արդյունքները և հստակեցվել նախարարության առաջիկա գերակայությունները։ Խորհրդակցությունը վարել է նախարար Գևորգ Պապոյանը։
Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում ընդունված փաստաթղթին՝ ընդգծելով, որ այն ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի շարժը տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղ զարգացման ուղղությամբ, և այդ պայմաններում նախարարության անելիքներն էականորեն տարբերվում են նախորդ տարիներից։
Առաջիկա փուլում որպես գերակա ուղղություններ ընդգծվել են տնտեսության աճը, մրցունակության և արտադրողականության բարձրացումը՝ լիովին համահունչ արդեն իսկ ձևավորված խաղաղության օրակարգին, ինչը նպաստավոր միջավայր է ստեղծում նաև զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման համար։
Խորհրդակցության ավարտին նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ծրագրերի արդյունավետ իրականացման և համակարգված աշխատանքի ապահովման նպատակով։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։