Բնապահպանության ոլորտում Գերմանիան Հայաստանի լավագույն և ամենահուսալի գործընկերներից է. ՇՄ նախարարն ընդունել է դեսպանին


ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը։


 


«Հանդիպման ընթացքում բարձր եմ գնահատել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ բնապահպանության ոլորտում Գերմանիան Հայաստանի լավագույն և ամենահուսալի գործընկերներից մեկն է։ Տիկին դեսպանի հետ համակարծիք ենք եղել, որ երկկողմ համագործակցությունն արդյունավետ է և ունի հետագա զարգացման մեծ ներուժ։


 


Քննարկել ենք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային մի շարք հարցեր։ Տիկին դեսպանը նշել է, որ տպավորված է համաժողովի տարբերանշանով և դրա հիմքում դրված գաղափարախոսությամբ՝ այն գնահատելով որպես բնության պահպանության և միջազգային համագործակցության կարևոր ուղերձ։


 


Հանդիպման ընթացքում քննարկել ենք հետագա փոխշահավետ և համապարփակ համագործակցության ապահովմանն ուղղված մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Էկոպարեկային ծառայության համալրման և կարողությունների զարգացման աշխատանքներին՝ կարևորելով ոլորտում արդյունավետ վերահսկողության և պահպանության ապահովումը։


 


Քննարկել ենք նաև COP17 համաժողովի կազմակերպման ընթացքում համագործակցության հնարավոր ձևաչափերը, փորձի փոխանակման և տեխնիկական աջակցության ուղղությունները։


 


Առանձին և ընդարձակ անդրադարձել ենք անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներին, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։ Կարևորել ենք անտառային էկոհամակարգերի վերականգնումը, կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանն ուղղված քայլերը և կենսաբազմազանության պահպանության համատեղ նախաձեռնությունների իրականացումը։


 


Հանդիպման ավարտին վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը և շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ հանուն շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

Leave a Comment