
Միմյանց փոխլրացնող հայտարարությւուններով են հանդես եկել Թուրքիայի ներկա ու Ադրբեջանի նախկին արտգործնախարաները. Ֆիդանը հստակեցրել է, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի «Զանգեզուրի միջանցքն» իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, իսկ ահա Մամեդյարով Էլմարը բացել է փակագծերը՝ հստակեցնելով, թե ինչպես է Բաքուն պատկերացնում այդ ամենը: Ըստ նրա՝ «Թրամփի ուղու» ստորագրումը միայն առաջին քայլն է, որին պետք է հաջորդեն մանրամասն բանակցություններ, իսկ քննարկման հիմնական թեման պետք է լինի երկաթուղային հատվածի շահագործման կոնկրետ իրավական և տեխնիկական ռեժիմը. կա մի հիմնարար իրավական խնդիր, որը, ըստ ադրբեջանցու, արմատներ ունի խորհրդային անցյալում. երկաթուղու Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարվում էր Ադրբեջանի երկաթուղիների կողմից, այլ ոչ թե ազգային ցանցի։ «Սա հիմք է ստեղծում Ադրբեջանի կողմից այս ենթակառուցվածքի համար հատուկ կարգավիճակի հնարավոր հավակնությունների համար»,-մասնավորապես՝ հայտարարել է Էլմարն ու հավելել՝ բանակցային գործընթացը պետք է ընդլայնվի՝ ներառելով Թուրքիային որպես տարածաշրջանային հիմնական դերակատար և ռազմավարական դաշնակից. ամենաբարդ և զգայուն կողմն անվտանգության ապահովումն է, հատկապես՝ ուղևորափոխադրումների ժամանակ:
Հայաստանյան իշխանությունները լսե՞լ են այս հայտարարությունները, հետևություններ արե՞լ են, մի ծպտուն կհանե՞ն:
Նկատենք, որ Մամեդյարով Էլմարի հայտարարությունը, թե Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարվում էր Ադրբեջանի երկաթուղիների կողմից, նպատակ ունի՝ զրոյացնելու այդ հատվածի կամ ենթակառուցվածքի նկատմամբ Հայաստանի ունեցած թեկուզ ձևական սուվերենությունը. ենթակառուցվածքի օտարման խնդիր է Բաքուն դրել իր առաջ՝ Սյունիքը նախ՝ գորշ գոտու, ապա՝ իրենցով անելու հեռահար նպատակով: Սա նշանակում է, որ նրանք չեն ուզում վերջնական խաղաղություն, այլ ուզում են անվերջ բանակցային գործընթաց, որտեղ Հայաստանը մշտապես պարտավորվածի ու Թուրքիայի կրնկի տակ գտնվողի դերում է լինելու։
Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչու է Ֆիդանն իր բացահայտ աջակցությունը հայտնել Նիկոլին. նրա վզին դնելու դեռ շատ բան կա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: