ԱԺ հանձնաժողովը հաստատել է ճանապարհային երթևեկության և միգրացիոն ոլորտի մի շարք օրենսդրական նախագծեր

ԱԺ հանձնաժողովը հաստատել է ճանապարհային երթևեկության և միգրացիոն ոլորտի մի շարք օրենսդրական նախագծեր

16 հունվարի 2026 – 16:44 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 16-ի նիստում քննարկել է մի շարք օրենսդրական նախագծեր երկրորդ ընթերցմամբ՝ տալով դրական եզրակացություն։

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել ճանապարհային երթևեկության խախտումների վերաբերյալ վարչական վարույթներին վերաբերող կարգավորումներին։ Մասնավորապես, քննարկվել են այն փոփոխությունները, որոնցով նախատեսվում է՝ ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներ օգտագործող օտարերկրացիներին նույնպես կծանուցվեն արձանագրված խախտումները, և նրանք հնարավորություն կունենան տուգանքները վճարել անմիջապես սահմանին։

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Ըստ նախագծի՝ եթե ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով օտարերկրացին կատարի ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ՀՀ-ում, ապա այդ տուգանքները նրան ևս կծանուցվեն, և նա տուգանքը կկարողանա վճարել ու մարել սահմանին։

Հանձնաժողովը քննարկել է նաև «Օտարերկրացիների մասին» և կից օրենքներում փոփոխությունների ու լրացումների օրենսդրական փաթեթը, որը միտված է ամբողջությամբ թվայնացնել կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը՝ ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական կարգավիճակների դեպքում։

Փոխնախարար Արմեն Ղազարյանը ներկայացրել է նաև նոր՝ աշխատանքային վիզայի ներդրման նախաձեռնությունը՝ պայմանավորված աշխատանքի նպատակով միգրացիոն հոսքերի ավելացմամբ։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախագծում առաջարկվում է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը փոխել՝ այն տեղափոխելով օգոստոսի 1-ից նոյեմբերի 1։

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը կոչ է արել կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին։

Հանձնաժողովն առաջարկելու է Ազգային ժողովի խորհրդին քննարկված նախագծերը ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում։

Leave a Comment