Եվրահանձնաժողովը 38 մլրդ եվրոյի չափով հաստատել է ԵՄ ութ երկրների պաշտպանական ծրագրերը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է ԵՄ ութ երկրների ներդրումային ծրագրերը՝ պաշտպանական վարկային SAFE (Security Action for Europe) ծրագրի շրջանակում միջոցների օգտագործման համար, հայտնում է Euronews-ը։

Ֆինանսավորում կստանան Բելգիան, Բուլղարիան, Դանիան, Իսպանիան, Խորվաթիան, Կիպրոսը, Պորտուգալիան և Ռումինիան։ Համաձայնագրերի ստորագրումից հետո նրանք կկարողանան ընդհանուր առմամբ ներգրավել մոտ 38 մլրդ եվրո։ Ամենախոշոր գումարները նախատեսված են Ռումինիայի (16,68 մլրդ եվրո) և Բելգիայի (8,3 մլրդ եվրո) համար, ինչպես նաև Իսպանիայի և Կիպրոսի համար՝ մոտ 1 մլրդ եվրո յուրաքանչյուրի դեպքում։ Դանիան դիմել է ամենափոքր գումարի համար՝ մոտ 46 մլն եվրո։

Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ խորհուրդը պետք է հնարավորինս շուտ հաստատի այս ծրագրերը՝ միջոցների օպերատիվ փոխանցումն ապահովելու համար։ Ընդհանուր առմամբ SAFE ծրագրին մասնակցելու համար հայտ են ներկայացրել ԵՄ 19 երկրներ։ Ակնկալվում է, որ առաջին վճարումները կսկսվեն 2026 թվականի մարտին։

SAFE-ի միջոցները նախատեսված են առաջնահերթ պաշտպանական արտադրանքի ձեռքբերման համար, ներառյալ զինամթերքը, հրետանային համակարգերը, դրոնները և հակաօդային պաշտպանության միջոցները, ինչպես նաև կիբերանվտանգության, արհեստական բանականության և էլեկտրոնային պայքարի ոլորտների տեխնոլոգիաները։ Միաժամանակ բաղադրիչների առնվազն 65%-ը պետք է արտադրվի ԵՄ-ում, ԵՏՏ երկրներում կամ Ուկրաինայում։

Leave a Comment