ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է 25% ներմուծման մաքսատուրքեր արհեստական բանականության համար նախատեսված մի շարք բարձրարտադրողական չիպերի վրա, այդ թվում՝ Nvidia ընկերության H200-ի և AMD-ի MI325X-ի նկատմամբ, հայտնում է The Guardian-ը։
Նախագահի վարչակազմը միջոցառումները բացատրում է ԱՄՆ-ում կիսահաղորդիչների արտադրությունը խթանելու և արտասահմանյան մատակարարումներից, այդ թվում՝ Թայվանից, կախվածությունը նվազեցնելու ձգտմամբ։
Սպիտակ տանը ընդգծել են, որ ԱՄՆ-ը ներկայումս ամբողջությամբ արտադրում է երկրին անհրաժեշտ չիպերի ընդամենը մոտ 10%-ը, ինչը ստեղծում է «էական տնտեսական և ազգային անվտանգության սպառնալիքներ»։ Միաժամանակ նշվում է, որ մաքսատուրքերը կկրեն նպատակային բնույթ և չեն տարածվի ամերիկյան տվյալների կենտրոնների, ստարտափների, տվյալների կենտրոններից դուրս քաղաքացիական արդյունաբերական նախագծերի, ինչպես նաև ԱՄՆ պետական հատվածի համար ներմուծվող չիպերի և սարքերի վրա։ Առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը ստացել է լայն լիազորություններ՝ լրացուցիչ բացառություններ տրամադրելու համար։
Ավելի վաղ՝ 2025 թվականի ապրիլին, Թրամփը հայտարարել էր չինական կիսահաղորդիչների վրա մաքսատուրքեր սահմանելու ծրագրերի մասին և նախաձեռնել էր չիպերի ներմուծման հետաքննություններ՝ մատնանշելով արտասահմանյան արտադրությունից կախվածության ռիսկերը։ Սպիտակ տանը նաև չեն բացառում ներքին արտադրությանը աջակցելու նպատակով սակագների ընդլայնման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ NVIDIA ընկերությունը Firebird-ի և Հայաստանի կառավարության հետ համատեղ հայտարարել է Հայաստանում արհեստական բանականության համար տվյալների կենտրոնի կառուցման նախագծի մեկնարկի մասին։ Ներդրումների ծավալը կազմում է 500 մլն դոլար, իսկ ենթակառուցվածքների հզորությունը կգերազանցի 100 ՄՎտ-ը։
