Տեր Զարեհը մեղադրել է եպիսկոպոս Սարոյանին հոգևոր ու հոգեբանական ճնշումների մեջ

Տեր Զարեհը մեղադրել է եպիսկոպոս Սարոյանին հոգևոր ու հոգեբանական ճնշումների մեջ

16 հունվարի 2026 – 14:31 AMT

PanARMENIAN.Net – Մասյացոտնի թեմում նախկինում ծառայած Տեր Զարեհ քահանա Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ներկայացված դատական հայցին՝ հայտարարելով, որ եպիսկոպոս Սարոյանի տարիներ շարունակ թեմի հոգևորականների նկատմամբ իրականացրել է «հոգևոր և հոգեբանական ճնշումներ»։

«Արդեն իսկ հայցի բովանդակությունից երևում է, որ բոլոր այն պնդումները, թե, իբր, չեն ընդունում Վեհափառ հայրապետի որոշումը, իրենց ձևավորած կեղծ օրակարգի տրամաբանության շարունակությունն է։

Ըստ էության, այս հայցի տակ թաքնված վախեր կան։

Եթե հայցը հասնի դատարան, վստահ եմ, որ շատ քահանաներ և այդ թվում ես, պատրաստ ենք վկայել այն մասին, որ Գևորգ եպս. Սարոյանը, տարիներ շարունակ իր եպիսկոպոսական հանգամանքը օգտագործելով, թեմում ծառայող հոգևորականներիս հանդեպ իրականացրել է հոգևոր և հոգեբանական բռնաճնշումներ»,-գրել է նա:

Տեր Զարեհը մի քանի օրինակ է բերել:

«Թեմում ծառայությանս ընթացքում երբևէ քահանայական ժողով չգումարվեց, փոխարենն առանձին-առանձրն փորձ էր արվում քահանաներին միմյանց դեմ հանել:

Ամբողջությամբ վերահսկվում էր համացանցային ակտիվությունը և որևէ բան եթե գրում էինք, բայց իր անունը չէինք նշում, կանչվում էինք առաջնորդարան և ամենաստորացուցիչ վերաբերմունքին արժանանում։ Անգամ, երբ բացատրագիր էր պահանջվում դրա համար ևս գրաքննվում էինք, ձևի մեջ պարտադրագիր էր պահանջվում մեզանից։

Կարելի է բռնությունների մասին անվերջ խոսել և դրանցից շատերը անգամ պաշտոնական ձև էին ստացել անհարկի հրամանների տեսքով»,-ասվում է գրառման մեջ:

Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել ՀԱԵ-ին: Ըստ «Դատալեքսի, նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Գարեգին հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

Leave a Comment