Հայաստանը երբևէ որևէ քայլ չի արել և չի անի բարեկամ Իրանի ժողովրդի և պետության դեմ, ինչպես նաև չի լինելու որևէ գործընթացի մաս, որը կարող է ուղղված լինել Իրանի դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին, TRIPP ծրագրին և այդ համատեքստում հնչող Իրանի մտահոգություններին։
«Հայաստանը երբևիցե որևիցե քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և որևիցե նմանատիպ գործընթացների մեջ ներառված չի լինելու»,– նշեց ԱԺ նախագահը։
Անդրադառնալով TRIPP նախաձեռնությանը՝ Սիմոնյանը շեշտեց, որ այն մեծ տնտեսական հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում՝ Իրանի։
Խոսելով Իրանից հնչող մտահոգությունների մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ ներկայում Իրանում առկա ներքին լարվածության հանգուցալուծումից հետո այդ մտահոգություններն, իր գնահատմամբ, կփարատվեն։
«Կարծում եմ՝ երբ այդ լարվածությունը, որը հիմա իրենց երկրում կա, ինչ-որ ձևով հանգուցալուծվի, իրենք ավելի հստակ կտեսնեն, որ որևէ նման մտահոգություն գոյություն չունի»,– ընդգծեց Սիմոնյանը։
Լրագրողի հարցին՝ արդյոք վտանգ չի տեսնում, որ ԱՄՆ-ն կարող է Հայաստանի տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար, Հայաստանի ԱԺ նախագահը պատասխանեց, որ նման գնահատականները չափազանցված են։
«Իրանը ունի տասնյակ անմիջական հարևաններ։ Հայաստանի հետ սահմանն ընդամենը 23 կիլոմետր է։ Վերջին գործողությունների ժամանակ (Խմբ․– հունիսի 22-ի գիշերը ), եթե չեմ սխալվում, ԱՄՆ-ից ինքնաթիռ թռավ, իրականացրեց գործողությունները և վերադարձավ»,– ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ հայկական կողմը մշտապես կապի մեջ է Իրանի հետ։
Անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հայտարարություններին՝ Սիմոնյանը նշեց, որ հարցը արդեն մեկնաբանվել է վարչապետի կողմից, և ինքը հավելելու բան չունի։
ԱԺ նախագահը նաև նշեց, որ դեռ չի հանդիպել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին, սակայն հանդիպման դեպքում ևս կվերահաստատի, որ Հայաստանի կողմից որևէ հակաիրանական քայլ չկա։
Ավելի վաղ, Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անուղղակիորեն մեղադրել էր հայկական կողմին Իրանի դեսպանատան դիմաց անցկացվող ակցիաները թույլատրելու համար՝ նշելով, որ իրենք բազմիցս այդ կապակցությամբ մտահոգություններ են փոխանցել պատկան մարմիններին։
Դեսպանը նշել էր, որ Իրանը տարբեր ժամանակահատվածներում կանգնել է Հայաստանի ժողովրդի և Կառավարության կողքին, իսկ դեսպանատան դիմաց տեղի ունեցող իրադարձությունները, նրա խոսքով, կմնան Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։
Պատասխանելով հարցին՝ հնարավոր ազդեցության մասին Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում, դեսպանը նշել էր, որ Թեհրանում կարող է ձևավորվել ընկալում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոն։