Նախագիծ․ 27-37 տարեկանները կարող են ազատվել կալանքից՝ վերադառնալով ՀՀ և ընտրելով 5 տարբերակներից մեկը

Նախագիծ․ 27-37 տարեկանները կարող են ազատվել կալանքից՝ վերադառնալով ՀՀ և ընտրելով 5 տարբերակներից մեկը

16 հունվարի 2026 – 14:42 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որի նպատակն է լուծել 27 տարին լրացած, բայց զինվորական ծառայություն չանցած և քրեական պատասխանատվության ենթակա քաղաքացիների խնդիրը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վերաբերող օրենքի ընդունումից անցել է շուրջ երկու տարի: Այժմ արտասահմանում բնակվող և հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից, որոնց 27 տարին լրացել է, չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլընտրանք, քան 2-5 տարի ժամկետով ազատազրկվելն է։

Սարգսյանը հեղինակել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է լուծել վերոնշյալ խնդիրը: Հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Սարգսյանի ներկայացմամբ՝ մեկ անձի պահման ծախսը քրեակատարողական հիմնարկում տարեկան կազմում է մոտ 437,900 դրամ։ Եթե վերադարձող յուրաքանչյուր քաղաքացի դատապարտվի 3 տարվա ազատազրկման, ապա պետությունը կծախսի մոտ 15.7 մլն դրամ։ Այս պարագայում 1200 անձի պարագայում ընդհանուր բյուջետային բեռը կարող է հասնել մոտ 19 միլիարդ դրամի։ Պատգամավորի խոսքով՝ իր առաջարկած մեխանիզմով կշահեն և՛ պետությունը, և՛ քաղաքացիները։

Նախագծով առաջարկվում է, որ 27-37 տարեկան այն քաղաքացիները, որոնք նախկինում չեն ծառայել, կարողանան կամովին վերադառնալ ՀՀ և ընտրել հետևյալ 5 տարբերակներից որևէ մեկը ՝ ազատվելով քրեական հետապնդումից․

  1. Ծառայել 24 ամիս ժամկետով
  2. Ծառայել 12 ամիս և վճարել 2.5 մլն դրամ
  3. Ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ
  4. Ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ
  5. Չծառայել և վճարել 15 մլն դրամ պետական բյուջե

Հարցուպատասխանի ժամանակ Հայկ Սարգսյանը հստակեցրել է, որ թեև ներկայում ժամկետային ծառայությունը սահմանված է 18 ամիս, սակայն առաջարկվող նախագիծն անդրադառնում է 1999-2000 թթ․ ծնված անձանց, որոնց պարտադիր ծառայության ժամկետը եղել է 24 ամիս, ուստի արդարության ապահովման համար պահպանվում է նույն ժամկետը։

Պատգամավորը պարզաբանել է նաև այն դեպքերը, երբ քաղաքացիները 27 տարին լրացնելուց հետո ներկայանում են ծառայության, սակայն փաստացի չեն հաշվառվել զինվորական հաշվառման համակարգում։ Գործող կարգով նրանք ստանում են զինգրքույկ և անձնագիր, սակայն չեն ուղարկվում ծառայության։ Նախագծով առաջարկվում է, որ այսուհետ նման քաղաքացիները հաշվառվելուց հետո վճարեն 15 մլն դրամ։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել։

Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացության։

Leave a Comment