27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել զինծառայությունից խուսափելու քրեական պատասխանատվությունից. նախագիծ


Արտերկիր մեկնած, զինծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից, որոնց 27 տարին լրացել է, չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլընտրանք, քան 2-5 տարի ժամկետով ազատազրկվելն է:

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը հեղինակել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է լուծել վերոնշյալ խնդիրը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայկ Սարգսյանը պարզաբանել է, որ քրեակատարողական հիմնարկներում մեկ անձի պահման միջինացված պահման ծախսը կազմում է 437 հազար 900 դրամ:

«Եթե վերադարձող անձինք դատապարտվեն ազատազրկման 3 տարի ժամկետով, ապա պետական բյուջեից ամեն մեկի պահման համար պետք է ծախսվի 15 մլն 764 հազար 400 դրամ: Այսինքն՝ եթե 1200 քաղաքացին էլ ինքնակամ վերադառնա և դատապարտվի, ապա պետությունը միայն նրանց անազատության մեջ պահելու համար պետք է ծախսի շուրջ 19 մլրդ դրամ»,- ասել է Սարգսյանն ու նշել, որ այս օրենքի նախագծի ընդունմամբ կշահեն և՛ պետությունը, և՛ քաղաքացիները:

Սարգսյանի խոսքով՝ նախագծով սահմանվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով նշված հինգ տարբերակներից մեկը՝

  1. ծառայել 24 ամիս ժամկետով,
  2. ծառայել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,
  3. ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,
  4. ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,
  5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:

Հայկ Սարգսյանը նաև պարզաբանել է, որ թեպետ գործող օրենքով ժամկետային ծառայությունը 18 ամիս է, բայց քանի որ այս օրենքը վերաբերում է 1999 և 2000 թվականներին ծնվածներին, որոնք պետք է ծառայեին 24 ամիս, ուստի պետք է նույն ժամկետով ծառայեն: Այսկերպ կպահպանվի նաև արդարության սկզբունքն այդ տարիներին ծառայածների նկատմամբ:

Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

147 դիտում

Leave a Comment