ՌԴ Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «60 րոպե» հաղորդաշարին քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունները երկաթուղու վերանորոգման և TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու») նախագծի վերաբերյալ:
Նրա կարծիքով՝ Փաշինյանը փորձում է Ռուսաստանին ներքաշել նախագծի մեջ, որպեսզի հետո ասի՝ «Ռուսաստանն էլ դրա հետ համաձայն է», ընդ որում՝ Մոսկվայի շահերը հաշվի չեն առնվում:
Երևանն ու Վաշինգտոնը հունվարի 14-ին հայտնել էին, որ մեկնարկում է TRIPP նախագիծը, որով ԱՄՆ-ն ստանում է Հայաստանի տարանցիկ ուղիների վերահսկիչ փաթեթը: Փաշինյանը հունվարի 15-ին հայտարարել էր, թե դիմել է հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման վերցրած «Ռուսական երկաթուղիներին»՝ երկաթգծի Երասխ-Սադարակ հատվածը արագացված կարգով վերականգնելու համար։
«Այսօր, ճիշտ է, հետևեց պարոն Փաշինյանի այն հայտարարությանը, թե մեզ խնդրում է ինչ-որ ճանապարհներ վերանորոգել։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ նա պարզապես ուզում է մեզ ներքաշել այս պատմության մեջ, որպեսզի հետո ասի՝ «դե, Ռուսաստանն էլ համաձայն է դրա հետ»։ Սա պարզապես այն վառ օրինակներից մեկն է, թե ինչպես պարոն Թրամփը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-խմբ․) և Միացյալ Նահանգների վարչակազմը բացարձակապես հաշվի չեն առնում, որ գոյություն ունեն ինչ-որ մեկի ազդեցության բնական ոլորտներ»,- նկատել է Զատուլինը:
Նա, վերլուծելով աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները, որտեղ ԱՄՆ-ն դերակատարում է ունեցել, շեշտել է՝ միջազգային իրադրության, ձևերի և մեթոդների արմատական փոփոխություն է, որը տեղի է ունեցել մեկ խաղացողի՝ ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով՝ Թրամփի գլխավորությամբ:
«Եվ, իհարկե, մենք պետք է հասկանանք, թե դա ինչ է նշանակում մեզ համար, ինչ վտանգ կամ հնարավորություն է: Մի բան, որի մասին գուցե այնքան էլ լավ չգիտենք, բայց ահա երեք օր առաջ ՀՀ արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն անոնսեցին «Թրամփի միջանցքի» մասին պայմանավորվածության մանրամասները, որը Հայաստանի տարածքով պետք է միացնի Թուրքիան Ադրբեջանի հետ։ Գործարքի հիման վրա, որով այդ ընկերության բաժնետոմսերի 76%-ը, որը կշահի տարանցումից, մնացած ամեն ինչից, ամեն ինչ կկազմակերպի և որին, ըստ էության, անցնում են Հայաստանի ինքնիշխան իրավունքները, կպատկանի Միացյալ Նահանգներին, իսկ 24%-ը՝ Հայաստանին, այսինքն՝ երեք քառորդը Միացյալ Նահանգներին, իսկ մեկ քառորդը՝ հենց այն երկրին, որի տարածքով այն կանցնի։ Ընդ որում, մեր շահերը, նշենք, չեն հիշատակվել», – հայտարարել է նա։
