Ռյազանում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել

Քաղաքականություն

16.01.2026 | 12:55

ՌԴ Ռյազանի շրջանում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վնասվել են երկու բազմահարկ շենքերի ճակատային մասը, վիրավորել է երկու մարդու, հայտնել է նահանգապետ Պավել Մալկովը, գրում է Current time-ը։

Նա ասել է, որ վնասված շենքերից մեկը դեռևս բնակեցված չէ։ Բեկորներն ընկել են նաև արդյունաբերական ձեռնարկության տարածքում։ Astra-ի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը բախվել է Ռյազանի «Օտկրիտիե» բնակելի համալիրի բազմահարկ շենքերից մեկին։

«Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ ուկրաինական բանակը հարվածել է Բերդյանսկի էլեկտրական ենթակայանին՝ քաղաքը թողնելով առանց էլեկտրաէներգիայի և ջրի: «Вода Запорожья» ընկերությունը նույնպես հայտնել է, որ էլեկտրաէներգիայի անջատման պատճառով սահմանափակվել է ջրամատակարարումը:

Ուկրաինական Supernova+ տելեգրամ ալիքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Բերդյանսկում այրվում է «Մորոզովսկայա» ենթակայանը:

Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեի շրջանի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտարարել է, որ 76,000 բաժանորդ մնում է առանց էլեկտրաէներգիայի։ Դրանց թվում են Բերդյանսկի, Վասիլևսկի և Պրիմորսկի քաղաքային շրջանները, ինչպես նաև Բերդյանսկ քաղաքը։ Սոցիալական նշանակության օբյեկտները միացված են պահեստային էլեկտրաէներգիայի աղբյուրներին, իսկ գեներատորները աշխատում են ջրամատակարարման և կարևորագույն ենթակառուցվածքների ապահովման համար։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հունվարի լույս 16-ի գիշերը 9 շրջանների և բռնակցված Ղրիմի տարածքում ուկրաինական 106 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Նախարարության տվյալներով՝ Ռյազանի շրջանի հակաօդային պաշտպանության ուժերը 22 անօդաչու են խոցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment