Կարապետյան․ Մեր հաղթանակի դեպքում վարչապետը պարգևավճար չի ստանա, կաշխատի մեկ դրամով

Կարապետյան․ Մեր հաղթանակի դեպքում վարչապետը  պարգևավճար չի ստանա, կաշխատի մեկ դրամով

16 հունվարի 2026 – 11:21 AMT

PanARMENIAN.Net – «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի կողմից ստացած մեծածավալ պարգևավճարներին և հայտարարել, որ իրենց հաղթանակի դեպքում «վարչապետը պարգևավճար չի ստանա, կաշխատի մեկ դրամով»:

«Այսօր մենք իմացանք, թե ինչու է մեր երկրի վարչապետը պարգևավճարներ տվել իրեն և իր մերձավոր շրջապատին՝ միլիարդավոր դրամների չափով, հույժ գաղտնի կերպով։ Ըստ նրա, եթե այդ պարգևավճարները չվճարեին, ապա հետագայում, երբ մեր երկիր ներդրումներ գային, հիմա չէ՝ հետագայում, այդ մարդիկ կարող էին զբաղվել կոռուպցիայով։ Այդ պատճառով Փաշինյանն իրեն, իր նախարարներին և այլ պաշտոնյաներին պարգևավճար է բաժանել»,-ասել է նա։

Կարապետյանը հավելել է, որ դա տեղի է ունենում այն պարագայում, երբ Հայաստանում կան մարզեր, որտեղ ամեն երկրորդ մարդը գտնվում է աղքատության շեմին՝ ապրում է ամսական 50–60 հազար դրամով։

«ՀՀ յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին ունի հագուստի խնդիր, իսկ ղեկավարությունը միլիարդավոր դրամներ է ստանում։ Այն ղեկավարությունը, որը խոստանում էր ապրել համեստ կյանքով։ Սա սպառողի մոտեցում է, ոչ թե կառուցողի։ Մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ոչ միայն չի ստանալու պարգևավճարներ, այլ նաև պետք է աշխատի մեկ դրամ աշխատավարձով»,-ասել է նա:

«Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան Ռուբեն Մխիթարյանը ևս անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, որ իշխանություններն իրենց պարգևավճարներ են հատկացրել քաղաքացիների վճարած հարկերով ձևավորված բյուջեից, մինչդեռ կենսաթոշակները մնում են անփոփոխ։

Ըստ նրա, համոզիչ չեն իշխանավորների այն պնդումները, թե ստացել են միլիոնների հասնող պարգևավճարներն իրենց կատարած աշխատանքի դիմաց: Ըստ նրա, ոչ մի շոշափելի բան չի արվել:

«Ի՞նչ «կատարված աշխատանքի» մասին է խոսքը։ Լուրջ մտածում եք, որ արժանի՞ եք 6, 7, 10, 12 միլիոն դրամ պարգևավճար ստանալու»,- ասել է Մխիթարյանը:

Նա հայտարարել է, որ հունիսից հետո ժողովրդի հաշվին «պրեմիաներ» այլևս չեն լինելու։

Leave a Comment