Հակակոռունցիոն կոմիտեում 2008-ի «Մարտի 1-ի» գործի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ նախաքննական մարմինը բացի նախկին պաշտոնյաների գործերը դատարան ուղարկելը, այլ գործընթացների է նախապատրաստվում։
Թերթը հիշեցրել է, որ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշիկ Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։
Աֆյանը 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա՝ քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որի հետևանքով անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
2021 թվականի ապրիլին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Քրեական օրենսգրքի (2003թ․) 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում) Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով այս հոդվածն ուժը կորցրած և Սահմանադրությանը հակասող էր ճանաչվել։
Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերի 13-ին որոշել էր Քոչարյանի և մյուսների գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը բեկանել էր Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և այն անփոփոխ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումները։
