Երևանի շտապօգնության ֆինանսավորումը կավելանա – PanARMENIAN.Net

Երևանի շտապօգնության ֆինանսավորումը կավելանա

16 հունվարի 2026 – 10:30 AMT

PanARMENIAN.NetԵրևանի շտապօգնության ֆինանսավորումը կավելանա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«ՀՀ վարչապետի կողմից հրավիրված միջգերատեսչական խորհրդակցության արդյունքում որոշվել է ավելացնել պետության կողմից Երևանի շտապ բուժօգնության ծառայության ֆինանսավորումը։

Որոշման արդյունքում ստեղծվել է շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերի բարձրացման հնարավորություն, ինչը կիրականացվի 2026թ. առաջին կիսամյակում»,-ասվում է գրառման մեջ:

«Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի ընթացքում Երևանում սպասարկել է մոտ 307,000 կանչ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։

Հունվարի 1-ից քաղաքացին կարող է անվճար գրանցել մինչև 8 շտապօգնության կանչ։ Դրանից հետո՝ կախված գտնվելու վայրից, ծառայության արժեքը կարող է լինել 10,000-15,000 դրամի սահմանում։ Միաժամանակ նշվում է, որ մի շարք դեպքերում սահմանափակումները չեն գործի։ Դրանք են, օրինակ՝ դանակահարությունները, կայծակնահարությունը, հրազենային վնասվածքները և այլ արտակարգ իրավիճակներ։

Leave a Comment