Ավանեսյան․ Տարեցները սպասել են ապահովագրությանը կատարակտի վիրահատության համար

Ավանեսյան․ Տարեցները սպասել են ապահովագրությանը կատարակտի վիրահատության համար

16 հունվարի 2026 – 11:04 AMT

PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 65 և բարձր տարիքի բազմաթիվ քաղաքացիներ առողջության ապահովագրության ներդրմանն էին սպասում կատարակտի վիրահատության համար։

«Գիտեմ, մինչև ապահովագրության ներդնումը, այս պլանային վիրահատությունը մեր քաղաքացիներից շատերին ֆինանսական առումով հասանելի չէր․ այն պետպատվերով տրամադրվում էր միայն որոշակի խմբերի։

Ակնաբուժական մասնավոր երկու կլինիկաներում հետևել եմ ապահովագրության շրջանակում, արհեստական ոսպնյակի տրամադրմամբ, կատարակտի վիրահատությանը: Ուղեգրման ընթացքի, հետազոտության և վիրահատության մասին պատմում են հենց քաղաքացիները։ Առողջության ապահովագրությունը կյանքի որակ է փոխում»,- նշել է նա։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։

Leave a Comment