Երևանում վրաերթի են ենթարկել 2 ոստիկանի. հետապնդման ժամանակ կրակոցներ են հնչել

Բաժանորդագրվել

Ոստիկանություն տեղափոխված «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը կասկածվում են խոշոր չափի թմրամիջոց պահելու և իրացնելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Երևանում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը չեն ենթարկվել ոստիկանության գվարդիայի ծառայողների «կանգառ» հրահանգին, վրաերթի են ենթարկել նրանցից 2-ին ու դիմել փախուստի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ին` ժամը 22։00-ի սահմաններում, Գյուրջյան փողոցում։

Ոստիկանական գվարդիայի ծառայողները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան մոտ նկատել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը նրանց մոտ կասկած է հարուցել։

«Գվարդիայի ծառայողները բարձրախոսով հրահանգել են, որ վարորդը կանգնի, սակայն նա ոչ միայն չի ենթարկվել այդ պահանջին, այլև վրաերթի է ենթարկել ոստիկանության գվարդիայի 2 ծառայողների և դիմել փախուստի։ Սկսվել է հետապնդումը, որի ընթացքում գվարդիայի ծառայողները նախազգուշական մեկ կամ երկու կրակոց են արձակել դեպի օդ, ինչը չի զգաստացրել նրանց, ու շարունակել են իրենց փախուստը»,– գրում է լրատվամիջոցը։

Տեսնելով, որ լրացուցիչ «կանգնիր» հրահանգին վարորդը չի ենթարկվում` գվարդիայի ծառայողներից մեկը կրակոց է արձակել «Mercedes»-ի հետևի աջ անվադողի ուղղությամբ, ինչից հետո վարորդը, չկարողանալով ավտոմեքենան կառավարել, բախվել է Սերո Խանզադյան փողոցի նրբանցքներից մեկում տեղադրված բարձրավոլտ էլեկտրասյան բետոնե հատվածին։

Վարորդն ու ուղևորը դուրս են եկել ավտոմեքենայից և տարբեր ուղղություններով դիմել փախուստի, սակայն գվարդիայի ծառայողներին հաջողվել է հետապնդել նրանց ու վնասազերծել։

Ոստիկանություն տեղափոխված «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը կասկածվում են խոշոր չափի թմրամիջոց պահելու և իրացնելու մեջ։

Ավտոմեքենայի սեփականատիրոջ, բերման ենթարկվածների ու վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ոստիկանների ինքնությունը պարզվում է։

Մահվան ելքով վրաերթ Արշակունյաց պողոտայում. կինն անցել է չթույլատրվող հատվածով

Leave a Comment