Սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը գրում է․
«Երեկ հնչեցրել էի 5 իրավական հարցադրում, որոնք վերաբերում էին Թրամփի ուղու վերաբերյալ հրապարակված TIF-ին:
Այսօր ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը պատասխանեց դրանցից առաջինին՝ հայտնելով, որ «ԹՐԻՓՓ Զարգացման» ընկերությունը գրանցվելու և հիմնադրվելու է Հայաստանում։
Կարևոր է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովող և Սյունիքի մարզով անցնող հաղորդակցությունների ուղիները կառուցող ու շահագործող ընկերությունը լինի Հայաստանում գրանցված իրավաբանական անձ՝ այդպիսով գտնվելով ՀՀ պետական մարմինների և ՀԿ-ների օրինական վերահսկողության ներքո։
Եթե այդ ընկերությունը գրանցվի արտասահմանում, դրա նկատմամբ ՀՀ պետական մարմինների վարչարարությունը, ՆԵՐԱՌՅԱԼ՝ իրական շահառուների բացահայտումը և ստուգումը, դուրս կգա ՀՀ պետական մարմինների և հետաքննող լրագրողների վերահսկողությունից։
Կարևոր է նաև մյուս չորս հարցադրումների վերաբերյալ լսել պատասխանատու պաշտոնատար անձանց պարզաբանումը, ներառյալ այն հարցը, թե արդյո՞ք «ԹՐԻՓՓ զարգացման» ընկերությունից ստացված զուտ շահույթը (net profit) սկզբում ամբողջությամբ գնալու է ամերիկյան կողմին՝ մինչև այն ամբողջությամբ հետ ստանա իր ներդրած գումարները։
Հրապարակված փաստաթուղթն այդպես է մեկնաբանվում։
Ցանկանում եմ նաև նշել, որ նշված հարցադրումները միայն իրավական բնույթի են և նպատակ ունեն ճշգրտել Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակը։
ԹՐԻՓՓ-ի հետ կապված մտահոգություններն ու առկա մի շարք խնդիրները կներկայացնեմ առանձին գրառումներով»։