Բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարձատրության հարցը մշտապես եղել է մարդկանց սևեռուն ուշադրության առարկա։ ՀՀ ֆինանսների նախկին նախարարներից մեկի հետ զրույցից իմացա, որ իննսունականների կեսերին արդեն հնարավոր էր Հհ նախարարների համար սահմանել երկու հազար դոլարին համարժեք աշխատավարձ, սակայն իշխող քաղաքական վերնախավը նախընտրեց դա չանել։
Երբ 1993֊ի հունվարին ես նշանակվեցի Ղազախստանում ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավար, ապա աշխատավարձս կազմում էր հիսուն ԱՄՆ դոլար( նախ՝ սովետական ռուբլիով)։ Ու դա, մեղմ ասած, չնչին գումար էր նույնիսկ այն ժամանակ։ Կարծում եմ, որ պաշտոնյան պետք է վարձատրվի երկու հիմնական ցուցիչների համադրման սկզբունքով՝ նախ պետք է ներդաշնակեցնել նրա վարձատրության չափը պաշտոնեական դիրքից բխող պատասխանատվության մակարդակին, ապա գնահատել նրա կատարած աշխատանքի արդյունավետությունը։
Բայց դա, երևի թե, պետք է արվի այնպես, որ չստացվի, որ մարդն ինքն է իր կատարած աշխատանքի գնահատողն էլ, վարձատրողն։ Նաև պետք է հաշվի առնվի պետական կառավարման համակարգի էֆեկտիվության ու բարձրագույն ղեկավարի անձնական պատասխանատվության շրջանակը՝ որոշումների կայացման ժամանակ։ Սաուդյան Արաբիայի թագավորը, եթե չեմ սխալվում, ամսեկան ստանում է մոտ 800 հազար դոլար, այնինչ ԱՄՆ նախագահի ռոճիկը ամսեկան երեսուն հազարի չափ է։
Բայց կա էական տարբերություն՝ թագավորը կրում է որոշումների կայացման պատասխանատվությունն ամբողջությամբ, մինչդեռ ԱՄՆում այդ պատասխանատվությունը բաշխված է տարբեր պետական կառույցների միջև։ Երկար ստացվեց ու ավելացնելու բան էլ շատ կա, կներեք։
Այդուհանդերձ, վստահ եմ, որ վերահսկողությունից դուրս մնացած չքավոր պաշտոնյան սպառնալիք է պետության անվտանգության համար և
խոչընդոտ՝ նրա տնտեսական զարգացման համար։
Արման Մելիքյան, քաղաքական գործիչ, դիվանագետ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար