Grok չաթբոտն այլևս չի կարողանա «մերկացնել» մարդկանց

Grok չաթբոտն այլևս չի կարողանա «մերկացնել» իրական մարդկանց պատկերները՝ Մեծ Բրիտանիայում ու ԵՄ-ում կանանց և երեխաների զանգվածային կիսամերկ լուսանկարների վերաբերյալ օգտատերերի բազմաթիվ բողոքներից և հետաքննություններից հետո։ Այս մասին ասվում է xAI-ի հայտարարության մեջ, գրում է The Insider-ը։

Չորեքշաբթի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ չաթբոտը ստեղծողները նշել են, որ «միջոցներ են ձեռնարկել՝ Grok-ին թույլ չտալու համար իրական մարդկանց լուսանկարների խմբագրում և պատկերում բաց հագուստով, օրինակ՝ բիկինիով»։ Այս սահմանափակումները կվերաբերեն բոլոր օգտատերերին, այդ թվում՝ վճարովի բաժանորդներին։

«Մենք քայլեր ենք ձեռնարկում խիստ վտանգավոր բովանդակությունը, այդ թվում՝ երեխաների սեռական բռնությամբ և ոչ համաձայնեցված մերկությունը հեռացնելու համար, և համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում մեր քաղաքականությունը խախտող հաշիվների դեմ»,- վստահեցրել է ընկերությունը։

Նկարների ստեղծումը և խմբագրումը նույնպես այժմ միայն բաժանորդագրությամբ է։

Իրական լուսանկարներ մշակելու և մարդկանց մինչև ներքնազգեստ «մերկացնելու» հնարավորությունը օգտատերերի համար հասանելի դարձավ դեկտեմբերին չաթբոտի թարմացումից հետո: Եվրոպական հանձնաժողովի և Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմնի՝ Ofcom-ի քննադատությունից հետո, Grok-ը սկսեց պահանջել վճարովի բաժանորդագրություն պատկերներ ստեղծելու և խմբագրելու համար. այս հնարավորությունները սկզբում անվճար էին՝ օրական սահմանափակմամբ։

Այս ֆոնին Իլոն Մասկը խոստացել է բաց կոդով դարձնել Twitter-ի (X) առաջարկությունների ալգորիթմը և այն ամսական պարբերականությամբ թարմացնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment