Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր հեղինակային հաղորդաշարում խոսել է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ ազդեցության կորստի անթույլատրելիության մասին: Նա զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ գործողության և Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող այլ երկրներում հնարավոր նմանատիպ գործողությունների միջև (առանց կոնկրետ երկրներ նշելու):
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Սոլովյովի հայտարարությունը՝ ընդգծելով, որ նման թեմաների շուրջ մանիպուլյացիաներն անթույլատրելի են։
Մարիա Զախարովան հիշեցրել է, որ դա լրագրողի կարծիքն է, և այն արտահայտվել է «Սոլովյով live» մասնավոր ալիքում: Ավելին՝ այն ձևակերպված էր հարցի, այլ ոչ թե հայտարարության տեսքով։ Սակայն որոշ մեկնաբաններ այդ խոսքերը ներկայացրել են սադրիչ կերպով՝ փորձելով դրանք վերագրել պետական դիրքորոշման, ինչը, Զախարովայի խոսքով, բացարձակապես անթույլատրելի է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ ՌԴ-ն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ժողովուրդների հետ պատմականորեն կապում են բարիդրացիական հարաբերություններ, ռազմավարական գործընկերություն, դաշնակցային կապեր և եղբայրական բարեկամություն։