Վահան Կոստանյանը և Գերմանիայի ԱԳՆ հանձնակատարը անդրադարձել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի


Հունվարի 15-ին Բեռլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կնտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Նիկլաս Վագների գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:


Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակությամբ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական ակտիվ երկխոսությունը:


Մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի կողմից 2025 թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված՝ «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրում ուղենշված ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ։


Զրուցակիցները նաև անդրադարձել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի, արձանագրել միջազգային հարթակներում ձևավորված ակտիվ փոխգործակցությունը։


Նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերի, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող տարածաշրջանային հնարավորությունները:

Դիտումների քանակ1

Leave a Comment