Մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ստանալու է տարեկան ընդամենը 1 դրամ աշխատավարձ. Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է ՀՀ կառավարության անդամենրի միլիոնավոր դրամի պարգևավճարներ ստանալու տեղեկությունը։

Նա հայտարարել է, որ մի երկրում, որտեղ յուրաքանչյուր չորրորդ քաղաքացի հագուստի խնդիր ունի, կառավարությունը չպետք է իրեն պահի սպառողի նման։

«Այն ժամանակ, երբ Հայաստանում ունենք մարզեր, որտեղ ամեն երկրորդը համարյա աղքատության շեմին է, ապրում են ամսական 50-60 հազար դրամով, որտեղ ամեն չորրորդն ունի հագուստի խնդիր, մեր ղեկավարությունը միլիարդավոր դրամների պարգևավճար է տալիս։ Այն ղեկավարությունը, որ խոսք էր տալիս, որ պետք է համեստ ապրի։ Սա մոտեցում է սպառողի և ոչ թե կառուցողի»,- շեշտել է նա։

Կարապետյանը հիշեցրել է, որ միլիարդավոր դրամներ վճարելու փաստը վարչապետը մեկնաբանել է այնպես, որ հետագայում մեր երկիր մեծ ներդրումների հոսքի դեպքում պաշտոնյաները կոռուպցիայով կզբաղվեին։ 

«Կառուցող կառավարությունը չի նայելու այսպիսի բաներին, մեր հաղթանակի՝ ժողովրդի փոփոխության սպասելիքը իրականացնելու ժամանակ, երկրի նոր վարչապետը ոչ միայն չի ստանալու պարգևավճար, այլ ստանալու է 1 դրամ աշխատավարձ»,- հավաստիացրել է նա։

Մամուլը հայտնել էր, որ ՀՀ նախարարներն ու փոխնախարարները դեկտեմբերին միլիոնավոր դրամների պարգևավճարներ էին ստացել։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունվարի 14-ին հաստատել էր պարգևավճար ստանալու փաստը՝ նշելով, որ այն տրվել է կատարված լավ աշխատանքի համար։ Նախարարը նաև հայտարարել էր, որ կառավարությունը կարող է դիմել ավելի ռադիկալ քայլերի՝ վերանայելով աշխատավարձերի համակարգը։

Leave a Comment