15 հունվարի 2026 – 18:32 AMT
PanARMENIAN.Net – Դատական նիստի ժամանակ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կտրուկ է արձագանքել հանրային մեղադրողի՝ դատարանին ուղղված դիտարկմանը, ըստ որի՝ անհրաժեշտ է սահմանափակել մեղադրյալների և պաշտպանների խոսքը՝ քրեական գործին չառնչվող թեմաների կամ վիրավորանքների պարագայում։
«Ամենամեծ վիրավորանք այն է եղել, որ ինձ՝ 30 տարի ծառայած մարդուս, կարող են ասել հանցագործ, ահաբեկիչ ու նման այլ բաներ»,- դատական նիստի ժամանակ ասել է սրբազանը, հայտնում է Panorama.am-ը:
Բագրատ սրբազանը հայտարարել է, որ ելույթների հարցում ինքը շարունակելու է նույն ձևով։
«Եթե մեր համբերությունը չի հատում այդ գիծը, սահմանը, ուրեմն, չեմ կարծում, այս դատարանում որևէ մեկն իրավասություն ունի պատվարժան դատարանին ասելու, թե ինքն ինչպես վարվի։ Համոզված եմ՝ տարիների փորձով գիտեք, թե ինչպես անել, ուրեմն խոսքը ոչ թե ձեզ էր ուղղված, իմ գնահատմամբ, այլ մեզ, կոնկրետ ինձ»,- նշել է սրբազանը՝ դիմելով դատավոր Կարեն Ֆարխոյանին։
Նա շեշտել է, որ չի պատրաստվում փոխել իր մոտեցումը դատարանում ունեցած ելույթներին և դիրքորոշումներին։
«Դժվար է 6 ամիս շարունակ դիտել, որ բոլոր ուղղություններով կարող են քեզ ինչ-որ բան ասել, երբ որ քո ձեռքերը կապված են, ներկայությունդ չկա։ Գալիս են դատարան, դատարանում կրկնում են ավելի խիստ գույներով։
Կարծում եմ՝ հանրային մեղադրողի խոսքը, միջնորդությունն ավելի շատ մեզ էր ուղղված, քան թե ձեզ։ Ի լուր ամենքի ասեմ՝ շարունակելու եմ նույն ձևով ինչպես առաջին օրը»,- ասել է սրբազանը։
2025թ․ հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կալանավորվել է։
Ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման մեղադրանքով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ Սրբազանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար Լիդիա Մանթաշյանը, Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, ինչպես նաև մի շարք այլ անձինք։ Հետագայում նրանցից մի մասի խափանման միջոցը փոխվել է։