Կհրավիրվի՞ Տիգրան Բարսեղյանը հավաքական. Եղիշե Մելիքյանի պատասխանը. «Կենտրոն» ՀԸ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Կենտրոն» ՀԸ-ի «Քրոնիկոն» հաղորդման եթերում խոսել է հավաքական հրավիրվելու չափանիշների մասին՝ անդրադառնալով նաև կարմիր քարտ ստանալու գործոնին։ Մարզիչը հորդորել է չկապել հավաքական չհրավիրվելը խաղադաշտից հեռացվելու հետ։

«Կարմիր քարտ կարող է ստանալ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, և դրա համար պատժել՝ չհրավիրելով հավաքական, ուղղակի շատ վատ է։ Ժամանակը ցույց կտա՝ Տիգրան Բարսեղյանը կհրավիրվի՞, թե՞ ոչ։ Կգա ժամանակը, կվերլուծենք և կհասկանանք»,– նշել է Մելիքյանը։

Մարզիչն ընդգծել է, որ ընտրությունը կատարվում է ոչ միայն խաղային որակների, այլև մարդկային հատկանիշների և նվիրվածության հիման վրա.

«Կան ֆուտբոլիստներ, որոնք խաղում են, բայց ես հասկանում եմ, որ նրանք չպետք է կրեն ազգային հավաքականի մարզաշապիկը։ Միայն ակումբում լավ խաղալը բավարար չէ հրավեր ստանալու համար։ Կան բազմաթիվ հանգամանքներ՝ մոտեցումը, հոգեբանությունը, նվիրվածությունը, լրջությունը։ Ինձ համար հրավերի հարցում վճռորոշ է մարդու տեսակը, քանի որ նա ներկայացնելու է մեր ազգը 10 միլիոն հայ ժողովրդի առջև»։

 

Leave a Comment