Ինչով է մտադիր ԱՄՆ հարվածել Իրանին ·

ԱՄՆ-ն քննարկում է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ականակիրներից «Տոմահավկ» թևավոր հրթիռների օգտագործման հնարավորությունը Իրանին հարվածելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Հրապարակման համաձայն՝ Պենտագոնը կարող է Մերձավոր Արևելքում գտնվող ականակիրներից «Տոմահավկ» թևավոր հրթիռներ գործարկել, ինչպես նաև կործանիչներ և ռմբակոծիչներ, որոնք կարող են հարվածել Իրանին ամերիկյան բազաներից։

Թերթը նշում է, որ ԱՄՆ-ն բավարար ռեսուրսներ ունի Իսլամական Հանրապետությանը հարվածելու համար, չնայած տարածաշրջանում ավիակիրների հարվածային խմբի բացակայությանը։

Այժմ, ըստ WSJ-ի, Կարիբյան ավազանում կենտրոնացած է 12 ամերիկյան ռազմանավ, մինչդեռ Մերձավոր Արևելքում կա ընդամենը վեցը։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում մեկնաբանել է Իրանի իշխանությունների կողմից ցուցարարներին կախաղանի միջոցով մահապատժի ենթարկելուց հրաժարվելու որոշումը։

«Նախագահ Թրամփի նախազգուշացումներից հետո իրանցի ցուցարարը այլևս մահապատժի չի ենթարկվի։ Նմանատիպ որոշում է կայացվել նաև այլ դեպքերում։ Սա լավ լուր է։ Հուսանք, որ այս պրակտիկան կշարունակվի», – գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական հարթակում։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները մտադիր չեն ցուցարարներին կախաղան հանել, և որ նման տարբերակը նույնիսկ չի քննարկվում։

«Կախաղան հանելու մասին խոսք անգամ չի կարող լինել», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է Արաղչին՝ անդրադառնալով այս հարցին։ Նրա խոսքով, «սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այս ամենի մեջ ներքաշելու համար սկսված ապատեղեկատվական արշավի մի մասն է, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ»։

Արտգործնախարարության ղեկավարը նշել է, որ Իրանում ներկայումս «ցույցեր կամ բողոքի հավաքներ» չկան, և երկրում հանգստություն է տիրում։

Leave a Comment