Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2026 թվականի հունվարի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ», – նշվում է հաղորդագրության մեջ։