Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը նախագահականում հանդիպել է Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքի հետ: Հանդիպման օրակարգում են եղել ռազմարդյունաբերությանը, «CAATSA» պատժամիջոցներին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
CAATSA – «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ԱՄՆ օրենք, ինչի տակ Թուրքիան հայտնվել էր ՌԴ-ից «S-400» հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից հետո:
Յըլմազի «NSosyal»-ի սոցհաշվում կատարած գրառման համաձայն՝ քննարկվել է Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերություններնի էլ ավելի ամրապնդումը և որոշ ոլորտներում համագործակցության խորացումը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման մասին:
Տարածաշրջանային զարգացումների հարցում էլ անմասն չի մնացել Մերձավոր Արևելքում առկա լարվածությունը: Յըլմազը տեղեկացրել է, որ անդրադարձել են Իրանում և Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև Պաղեստինի Գազայի հատվածի ծրագրի երկրորդ փուլին: