15 հունվարի 2026 – 17:12 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 14-ին ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հոր առողջական վիճակը գնահատվում է բավարար:
«Սիրելի՛ ընկերներ, ծանոթ ու անծանոթ բարեկամներ, անսահման երախտապարտ եմ ճակատագրին, որ իմ կյանքի ճանապարհին ունեմ ձեզ։ Ձեր սերն ու աջակցությունն էին, որ լուսավորեցին խավար դարձած օրերս և ուժ տվեցին հասնելու այս լուսավոր պահին…
Ուզում եմ տեղեկացնել, որ հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար։ Նա ևս իր խորին շնորհակալությունն ու ջերմ բարևներն է փոխանցում ձեզ բոլորիդ։ Երանի ինձ՝ ձեզ ունենալու համար»,-ասվում է գրառման մեջ:
Վագիֆ Խաչատրյանը Երևանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում է: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ղեկավար Միքայել Ադամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այս պահի դրությամբ քրոնիկ հիվանդության թեթև սրացում ունենք, այդ իսկ պատճառով կգտնվի կլինիկայում՝ անհրաժեշտ հետազոտություններ անցնելու նպատակով։ Կենտրոն ժամանած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ Խաչատրյանն այժմ հետազոտվում է, և մասնագետները նրա հավելյալ զննություններից հետո կորոշեն՝ ինչպես շարունակել բուժումը:
Խաչատրյանը 2023-ի հուլիսին Արցախից Հայաստան էր տեղափոխվում սրտի հրատապ միջամտություն իրականացնելու։ Նա Երևան էր ուղևորվում Կարմիր խաչի ավտոմեքենայով, երբ Բաքվի ուժայինները նրան իջեցրել են մեքենայից, ներկայացրել մեղադրանք և կալանավորել։
70-ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ սրվել էր շաբաթներ առաջ Ադրբեջանում։ Բաքվի բանտից վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել։