Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) շարունակում է քննել դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ վերաբացված կարգապահական վարույթը:
Հիշեցնենք, որ դատավորի լիազորությունները Կարեն Անդրեասյան-Գրիգոր Մինասյան զույգի ջանքերով դատավարական բոլոր հնարավոր և անհավանական նորմերի խախտմամբ դադարեցվեցին 2023թ՝ հուլիսի 3-ին՝ դատավորի ծննդյան օրը:
Դավիթ Հարությունյանին դատավորի պատմուճանից զրկեցին՝ միաժամանակ խախտելով նաև նրա լսված լինելու իրավունքը, ինչին էլ հենց գնահատակ էին տվել թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) և թե՞ ՀՀ Սահմանադրական դատարանը:
Վարույթի ողջ քննությունը անցկացվեց դռնփակ ռեժիմով, իսկ վերջին նիստին դատավորին ոչ միայն հեռացրեցին նիստերի դահլիճից, այլև թույլ չտվեցին նրա ներկայացուցիչներ Միքայել Շխիմյանին ու Երեմ Սարգսյանին բարձրանալ վերև:
Այսօրվա նիստին Դավիթ Հարությունյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ այն անդամների վերաբերյալ, ովքեր 3 տարի առաջ մասնակցել էին իր գործով «քննությանը»՝ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյան, ԲԴԽ անդամներ Արմեն Դանիելյան, Երանուհի Թումանյանց, Էդգար Հովհաննիսյան:

Հատկապես նյարդային էր ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, ով ակնհայտորեն հասկանում էր՝ ինչ է արել և անում, բայց և այլ բան անելու հնարավորություն թերևս չունի: Այդ իմաստով նրա վիճակը նախանձելի չէր, և ԲԴԽ նախագահը անհարկի միջամտություններով փորձում էր տպավորություն ստեղծել, թե տիրապետում է իրավիճակին:
«Դուք իմ վերաբերյալ 2 անգամ հակասահմանադրական որոշում եք կայացրել. հիմա եթե բացարկ չհայտնեմ, ի՞նչ է փոխվելու, կարո՞ղ եք ասել»,-մասնավորապես ասաց Դավիթ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահին
Ինչևէ, Դավիթ Հարությունյանի ներկայացրած բոլոր միջնորդությունները մերժվեցին: Վարույթի քննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է հարցազրույցի համար։ Խոսքը գնում է, մասնավորապես, ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։
Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով ըստ էության փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորները, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չէին ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին։ Դավիթ Հարությունյանն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը։

Դատավորի խոսքը ԲԴԽ-ն ու Արդարադատության նախարարությունը՝ ի դեմս Կաեն Անդրեասյանի ու Գրիգոր Մինասյանի, համարել էր դատական իշխանության հեղինակազրկում:
Մանրամասները՝ տեսանյութում: