Փաշինյան․ TRIPP-ում այլ բաժնետերեր չպետք է լինեն

Փաշինյան․ TRIPP-ում այլ բաժնետերեր չպետք է լինեն

15 հունվարի 2026 – 16:33 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում ասել է, որ TRIPP-ում այլ բաժնետերեր չպետք է լինեն:

«Իմ դիրքորոշումն է, որ ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն TRIPP-ի մեջ»,-ասել է նա՝ հավելելով, սակայն, որ TRIPP-ն ինքը գնում-կպնում է ուրիշ ենթակառուցվածքների, հայտնում է Auroranews.am-ը:

«Բայց TRIPP-ն ինքը գնում-կպնում է ուրիշ ենթակառուցվածքների: Այնպես չէ, որ Հայաստանի և աշխարհի բոլոր ճանապարհներն ու երկաթուղիները TRIPP-ի մաս են, և մյուսները խոսում են Տրանսկասպյան երկաթուղու մասին. այդտեղ բազմաթիվ երկաթուղիներ կան, գազամուղներ, նավթամուղներ, էլոկտրաէներգիայի արտահանում կա, արտադրություն կա, այդ բոլոր ենթակառուցվածքներում ամենատարբեր ներդրողներ կարող են մասնակցել»,-ասել է նա:

Փաշինյանը նաև անդրադարձել է ՌԴ-ի հետ համագործակցությանը՝ հորդորելով ռուս գործընկերներին, որ հրատապ կերպով վերականգնեն Ախուրիկի, Երասխի և Իջևանի երկաթուղային ենթակառուցվածքները։

«Ռուսաստանի պարագայում այս փուլում խնդրում ենք մեր ռուսաստանցի գործընկերներին, որպեսզի հրատապության կարգով Ախուրիկի հատվածը, Երասխի հատվածը վերականգնեն, և նաև Իջևանի երկաթուղային ենթակառուցվածքը վերականգնվի: Խնդրում եմ արձանագրել, որ TRIPP-ը ներդրումային ծրագիր է, շատ կարևոր, առանցքային, բայց ներդրումային ծրագիր է ՀՀ և ԱՄՆ-ի: Բայց շատ շահառուներ հնարավորություն ունեն օգտվելու ծրագրից և մասնակցելու այդ ծրագրի իրականացման արդյունքում առաջացող հնարավորություննների օգտագործմանն ամենատարբեր ոլորտներում»,- նշել է վարչապետը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment