TRIPP-ի շրջանակում ԱՄՆ-ն 140 մլն դոլար արդեն հատկացրել է ծրագրի նախապատրաստման համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է կոնկրետ ներդրումներին, կոնկրետ նախագծեր պետք է ձևավորվեն, արդեն դա նախագծանախահաշվային հաշվարկների հետ է կապված, բայց որ ներդրումները մեծ են լինելու, կարծում եմ՝ ակնհայտ է: Այսօր որևէ մեկը ձեզ թիվ չի կարող ասել, որովհետև երկաթուղին, ենթադրենք, պետք է կառուցվի, ի՞նչ արժե այդ երկաթուղին, ինչքա՞ն է պետք է ներդնել։ Կարող են լինել փորձագիտական գնահատականներ»,- նշել է նա։
Վարչապետը հավելել է, որ տեխնիկատնտեսական հաշվարկներից և նախագծի հաստատումից հետո միայն յուրաքանչյուր առանձին նախագծի գինը հայտնի կդառնա։
Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարները Սպիտակ տանը կայացած բանակցությունների արդյունքում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրել էին համատեղ հռչակագիր, որի շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել պատերազմները, բացել առևտրային, զբոսաշրջային և դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Հռչակագրով նախատեսվում է ստեղծել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին», որը կդառնա հատուկ տարանցիկ տարածք, թույլ կտա Ադրբեջանին լիարժեք մուտք ունենալ դեպի Նախիջևան՝ միաժամանակ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը:
Հունվարին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանն ու Վաշինգտոնը մեկնարկում են TRIPP նախագիծը. Վաշինգտոնն ստանում է Հայաստանի տարանցիկ ուղիների վերահսկիչ փաթեթը։
