Դատարանը փոխել է ՀՅԴ անդամ Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոց տնային կալանքը՝ կիրառելով վարչական հսկողություն, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Չամիչյան անցնում էր «Սթրայքբոլի» գործով։ Նրան տնային կալանքից ազատելու որոշումը, Մելիքյանի փոխանցմամբ, կայացրել է Երևանի քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։
Չամիչյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի՝ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (Ահաբեկչության նախապատրաստություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարի ժամկետով):
Մելիքյանի պնդմամբ՝ Չամիչյանից առգրավվածի մեջ արգելված իրեր չկան։ Իրավապահներն առգրավել էին սթրայքբոլլ խաղալու սարքավորումներ, որոնք ներկայացվել էին որպես ահաբեկչական գործողության նախապատրաստման ապացույց։
2025-ի հուլիսին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել։ Հուլիսի 11-ին վարույթի շրջանակում կալանավորվել էր Չամիչյանը, սեպտեմբերին դատարանը փոխել էր կալանքը՝ այն փոխարինելով երկամսյա տնային կալանքով։ Գործն անվանել էին «Սթրայքբոլի» գործ, քանի որ ՀՅԴ-ի փոխանցմամբ՝ «խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել էին նռնականման առարկաներ, որոնց ներսում պահվել են սիսեռներ՝ նախատեսված սթրայքբոլ խաղի համար»։
