15 հունվարի 2026 – 15:03 AMT
PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանը նպատակ ունի լիովին վերացնել ջրծաղիկի բռնկումները՝ ապահովելով կայուն իմունիտետ զորակոչային տարիքի հասնող երեխաների շրջանում։
«Պետք է նշեմ, որ ջրծաղիկի պատվաստումների առումով մեր նպատակն է ապահովել, որպեսզի երեխաները զորակոչի տարիքում արդեն ունենան կայուն իմունիտետ, և ջրծաղիկը՝ որպես հիվանդացություն առաջացնող ու աշխատանքային գործընթացներին լուրջ խոչընդոտ հանդիսացող հիվանդություն, Հայաստանում այլևս չունենա ո՛չ բռնկումներ, ո՛չ էլ առանձին դեպքեր»,- ասել է նախարարը, հայտնում է Արմենպրեսը:
Նախարարը ներկայացրել է 2026–2030 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումների վկայականների տրամադրման կարգը հաստատելու նախագիծը։
Կառավարության որոշմամբ հաստատվել է պատվաստումների ազգային օրացույցը՝ որպես հանրային առողջապահության առանցքային ապահովիչ գործիք։ Միաժամանակ սահմանվել են նաև միջազգային ձևաչափով սերտիֆիկատների տրամադրման մեխանիզմներն ու թիրախային ցուցանիշները, որոնք միտված են մինչև մեկ տարեկան երեխաների պատվաստումների բարձր մակարդակի պահպանմանը, ինչպես նաև վտանգավոր վարակիչ հիվանդությունների գրանցված դեպքերի իսպառ բացակայությանը։
«Վերջին տարիներին ազգային օրացույցում ներդրվել են նոր և ժամանակակից պատվաստանյութեր, այդ թվում՝ վերջին սերնդի համակցված վեցավալենտ պատվաստանյութերը, որոնք նվազեցնում են բազմակի պատվաստումների անհրաժեշտությունը»,-ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ պատվաստումների համակարգային բարելավումն ու հանրության իրազեկման միջոցառումները արդեն տվել են շոշափելի արդյունքներ։
«Մասնավորապես, 2025 թվականին զրոյից մեկ տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշը կազմել է 95.1 տոկոս, ինչը 2011 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է»,- նշել է նախարարը։
Ավանեսյանը հավելել է, որ Հայաստանը ապահովում է նաև այլ երկրներ մեկնող քաղաքացիների համար անհրաժեշտ պատվաստանյութերի պահուստային ծավալները՝ տրամադրելով միջազգային չափանիշներին համապատասխան սերտիֆիկատներ։